Մարդկանց բրուցելոզի վարակման հինգ դեպք է գրանցվել, միս գնելիս պետք է 5-րդ ձևի առկայությունը ստուգել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Քաղաքացիները պետք է պահպանեն սննդամթերքի տեղափոխման ռեժիմը, կան սննդամթերքի տեսակներ, որոնք շոգ եղանակին արագ փչանում են, խորհուրդ ենք տալիս կրեմային արտադրություններից հրաժարվել, քանի որ կրեմը ամենաբարձր ռիսկայիններից է: Հունիս ամսին էքսկուրսիաների ժամանակ ուսանողների, աշակերտների թունավորման դեպքեր գրանցվեցին, բայց վերջին շրջանում  նման դեպքեր չկան: Այս մասին 24New-ին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ 92 սպանդանոց թույլտվություն ունեն գործունեություն ծավալելու, բայց մի մասը աշխատանք չի ծավալում, մյուս մասը՝ փակվել է:

«2020 թվականին ամբողջ ՀՀ-ում ունեինք 17 սպանդանոց, այս երկուսուկես տարվա ընթացքում նրանց թիվը մեծացել է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով կենդանիների վարակման դեպքերին՝ Գեորգի Ավետիսյանը նշեց, որ տուգանվել են իրենց կենդանիներին չպատվաստող անասնատերերը․ պետությունը գումար է ծախսում, որ կենդանիները պատվաստվեն, և անասնատերերը իրավունք չունեն ընդդիմանալ։ 

«Կենդանիների հիվանդությունների տարեկան 4000 դեպք է լինում, բրուցելոզի հայտնաբերման դեպքում այդ կենդանիները ոչնչացվում են, սանիտարական սպանդի են ենթարկվում: Այդ մսեղիքը ենթակա է օգտագործման՝ ջերմային մշակումից հետո, բրուցելայի հարուցիչը 60 աստիճանում արդեն ոչնչանում է, միայն պանրի դեպքում կարող ենք ունենալ պրոբլեմներ, քանի որ պանրի արտադրության մեջ կաթի ջերմային մշակումը չի անցնում: Վարակվողներից շատերն անասնատերերն են, ոչ թե մթերքից են վարակվում, այլ կենդանիների հետ շփվելուց: Այս տարի մարդկանց բրուցելոզի տարածման հինգ դեպք է գրանցվել, միս գնելիս խանութներում 5-րդ ձևի առկայությունը պետք է ստուգել»,- նշեց Գեորգի Ավետիսյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։