Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընտրություններին կառաջադրվի «Շանթ դաշինք»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Քաղաքական

Ես՝ Գևորգ Ռազմիկի Փարսյանս, որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Առաջադրվում եմ, քանի որ քաջ գիտակցում եմ հետպատերազմյան շրջանում Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգային խնդիրները։

Առաջադրվում եմ, քանի որ մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտություն կա։

Առաջադրվում եմ, քանի որ մեր թիմի այս երեք տարիների հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ վաստակած ձեր աջակցությունն ու վստահության բարձր մակարդակն ավելին, քան պարտավորեցնող են։

Ընտրություններին մասնակցում եմ «Շանթ դաշինք»-ի հետ, քանի որ այս նորաստեղծ կուսակցության հիմնարար արժեքներն ու սկզբունքներն են՝ մեր ազգային շահերի գերակայությունը, քաղաքացու արժանապատվությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արդարությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, շարունակե՛նք կառուցել, շենացնել և հզորացնել մեր Կապանը»,-գրել է Փարսյանը:

--00--ԿԿ