Խիստ մտահոգիչ է միջադեպը, որ տեղի ունեցավ ԱԺ-ում. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարությամբ անդրադարձել է խորհրդարանում այսօր տեղի ունեցածին:

«Խիստ մտահոգիչ է միջադեպը, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Խորհրդարանը պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին:

Խիստ դատապարտելի է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը:

Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական խոսքի ազատությունը և ամրագրում են, թե որոնք են այդ ազատության սահմանները: Ուստի, դրանց հիման վրա պետք է ընդունել կոնկրետացված կանոններ, որպեսզի խորհրդարանի քննարկումները ձևավորեն ճիշտ հանրային դիսկուրս և չհանգեցնեն մարդու իրավունքների համակարգը խաթարող նման արատավոր երևույթների:

Եվ առհասարակ, խիստ մտահոգիչ է, որ առաջնային մանդատով ձևավորված մարմնի՝ Ազգային ժողովի անվտանգության ապահովմանը վերջին ժամանակներս լայնորեն ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ, ու դրանով ստեղծում են խորհրդարանի ռազմականացված մարմին լինելու հանրային տպավորություն:

Մինչդեռ, ԱԺ-ն՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

--00--ԱԹ