ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Իզմիրլյանի անվան մանկատուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

մանկատուն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը և հոգեբանը, 2021 թվականի հուլիսի 27-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել  «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:   

Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝

•      սաների խնամքի, հանգստի ու կենցաղի պայմանները խախտում են երեխաների արժանապատվությունը: Խմբասենյակները գերբեռնված են, ննջարանները, խաղասենյակները և ճաշասենյակները բաժանված չեն, սենյակի ընդհանուր մակերեսը չի համապատասխանում սաների թվին, չկան պայմաններ որպեսզի սնունդը  կազմակերպվի միաժամանակ: Օրինակ՝ այցի պահին արձանագրվել է, որ սենյակում բոլոր սաների միաժամանակյա ճաշը կազմակերպելու համար բավարար տարածք կամ կահույք չի եղել, սաներից ոմանք ստիպված բազմոցին են ճաշում կամ սպասում են, թե երբ աշխատակիցը կազատվի և իրենց կկերակրի: Մեկ այլ դեպքում նույն սենյակում կազմակերպվել է խմբի սաների մի մասի ցերեկային քունը, բայց խմբի մյուս սաների ակտիվ հանգիստը հնարավոր չէր կազմակերպել՝ շենքային պայմանների բացակայության պատճառով։

Այս իրավիճակը նաև երեխաների միջև վեճեր կամ լարվածություն է առաջացնում: Խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ դեռ  երեխաների հետ միասին բնակվում են 18 տարին լրացած չափահաս անձինք:

•      Հաստատությունում «Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ մատյան» չի վարվում: Գլխավոր պատճառն այն է,  որ անձնակազմն իրազեկված չէ օրենսդրական պահանջների մասին: Մինչդեռ, հաստատությունն իրականացնում է նաև սաների բժշկական օգնության կազմակերպում, ունի հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա և տրամադրում է սոցիալական ծառայություններ հաստատության սաներին: Ըստ այդմ, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտավոր է վարել համապատասխան հաշվառման մատյան և յուրաքանչյուր դեպքով դրանում կատարել ամբողջական գրառումներ և ընթացքի վերաբերյալ արձանագրումներ:

Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հաստատության սաների վարքային դրսևորումներով պայմանավորված՝ լինում են հանդարտեցման միջոցների կիրառության դեպքեր։ Որպես կանոն, սաների կողմից իրենց կամ այլ անձանց վնաս պատճառելու կամ նման վտանգի դեպքում  անձնակազմը սանին հանդարտեցնում է, օրինակ, զբոսանքի կամ համոզելու միջոցով։ Դեղորայքային հանդարտեցման դեպքում այն կատարվում է «Դինապետրալ» դեղորայքով կամ դրա տարատեսակներով, ինչի մասին գրառում է կատարվում միայն տվյալ սանի անհատական բժշկական քարտում։ Ինչպես տեղեկացրել է անձնակազմը զսպման միջոցներ գործնականում չեն կիրառվում: Ուստի, Հաստատությունում գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է նաև մշակել մեթոդական ուղեցույցներ բուժանձնակազմի համար՝ մատյանների պատշաճ վարման պահանջներն ապահովելու համար.

•  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձևական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին և զարգացման հնարավորություններին: Պատճառներից մեկն այն է, որ պետությունը չի ներդրել սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչներ և ծրագրեր: 

Այցի պահին հաստատության 47 սաների կրթությունը կազմակերպվում էր հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատություններում, իսկ 38-ինը՝ տնային ուսուցմամբ: Առանձնազրույցների ընթացքում պարզվել է նաև, որ կան սաներ, ովքեր իրենց կրթության իրավունքը հանրակրթական ուսումնական հաստատություններում իրացնելիս բախվում են կամ վախենում են, որ կբախվեն ինտեգրման խնդիրների, խարանի, ինչի պատճառով էլ խուսափում են դպրոց հաճախելուց:

•      Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝   սաներին իրենց կենսաբանական ընտանիք վերադարձնելու և նրա հետ կապն ամրապնդելու հարցում դժվարություններ են առաջանում  Խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համագործակցելիս: Օրինակ՝ երբ ընտանիքի հետ աշխատելիս պետք է ներգրավել համայնքային սոցիալական աշխատողներին, խնամակալության և հոգաբարձության մարմինները չեն ապահովում արագ հետադարձ կապ և արձագանքում, հնարավոր չի լինում պարզել, թե կոնկրետ ով է աշխատում տվյալ ընտանիքի հետ:

•   թեև հաստատությունում սաների կարիքներին համապատասխան լրացուցիչ հարմարությունների կարիք կա, սակայն կարևոր են անձնակազմի ջանքերը հաշմանդամություն ունեցող   անձանց համար շենքային պայմանները մատչելի դարձնելու ուղղությամբ: Օրինակ՝ թեև շենքի մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակը հարմար և անվտանգ է սաների տեղաշարժի համար, շենքի ներսում առկա է վերելակ, ապահովված է խմբասենյակներից դեպի այգի անխոչընդոտ տեղաշարժը, սակայն սանհանգույցներում հաշմանդամություն ունեցող անձանց համար բացակայում են բռնակները.

•  պրակտիկ թիրախային վերապատրաստումների և մասնագետների սղության պատճառով չեն զարգանում սաների ինքնուրույն կյանք վարելու հմտությունները: Սաների հետ աշխատող մասնագետները, այդ թվում՝  դայակները, բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛  աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։ Օրինակ՝ պալիատիվ խնամքի կարիք կամ ինքնասպասարկման դժվարություններ ունեցող սաներին խնամում և աջակցում են 2 կամ 3 աշխատակից, այն դեպքում, երբ խմբում կան 12-14 սաներ: Լրացուցիչ մասնագետների կարիք կա նաև հաստատության այլ խմբերում։

Խնդիրն ավելի է սրվում, երբ բուժհաստատություններում հետազոտություններ կամ ստացիոնար բուժում ստանալու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սանին ուղեկցել բուժհաստատությունում կամ այնտեղ կազմակերպել նրա խնամքը։ Այս դեպքում հաստատությունում առանց այդ էլ բարձ աշխատանք կատարող անձնակազմն աշխատում է էլ ավելի դժվարին պայմաններում։

• հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում աշխատանքի ծավալներին և այդ աշխատանքին ներկայացվող պահանջներին:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և դպրոցի տնօրենին։

--00—ՄՀ