Գեղաձորում տրակտորի անիվը պայթել է, վարորդը դուրս է շպրտվել, տունը վնասվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել, կան տուժածներ, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ 17:45-ի սահմանում նշված փողոցի 10-րդ տան դիմաց 30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում իր կողմից կայանված,  Գեղաձոր համայնքին պատկանող «ԿԱՏ» մակնիշի 2087 ԼԼ տրակտորը երբ փորձել է տեղաշարժել, անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած «վալնա» (օդի ալիքը) վնասել է բակում կայանված «ВАЗ 2121» մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները,  հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր: Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները:

նկար

Օպերատիվ են գործել Արագածի և Ապարանի բժիշկները, ովքեր  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո Արագածի բժշկական կենտրոնի բժիշկները դարձյալ վերադարձել են դեպքի վայր և տեղում օգնությունն են ցուցաբերում ևս մեկ հոգու:

նկար

Աղբյուրը նաև հայտնում է, որ, ըստ հավաքվածների, այդ 1 հոգին տանտերն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածները՝ նրա հարազատները: Քաղաքացին կրել է խոշոր չափի նյութական վնաս, ու գյուղացիները խնդրանքով դիմում են Արագածոտնի մարզպետին, որպեսզի սոցիալապես անապահով տուժված ընտանիքին օգնության ձեռք մեկնեն:

նկար

Աղբյուրին մի քանի գյուղացիներ պատմել են. «Այնքան ուժգին էր պայթյունի ձայնը, մեզ թվաց, թե գյուղի հարևանությամբ գտնվող ռուսական զորամասում պայթյուն է տեղի ունեցել, բայց եկանք էստեղ, լրիվ ուրիշ պատկերի ականատես եղանք: Անվադողի պայթյունի հետևանքով ջահել տղեն շպրտվել էր մեքենայի միջից, տան պատուհանները, դռները ճաղավանդակներն ու առաստաղը, գույքի մի մասը փշրվել ու կոտրվել էին: Հալալ էր՝ թե՛ փրկարարներին, թե՛ բժիշկներին, թե՛ ոստիկաններին: Ահազանգից  7 րոպե անց բոլոր օպերատիվ ծառայությունները էստեղ էին»։

նկար

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս