Երևանում և մարզերում քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ Կարանիս համայնքի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. Դրախտիկ գյուղի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Սևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում  Լճաշեն գյուղի բնակիչներից մեկը հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան ու 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ։ Պայթուցիչով նռնակն ու ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 320 փամփուշտը ոստիկանության Թալինի բաժին հանձնել է Թալին քաղաքի մի բնակիչ։

Ըստ նրա՝ նռնակն ու փամփուշտները բերել էր նախորդ տարի Արցախից։ Արդյունավետ էր նաև Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներից մեկը հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, կարճեցված փողով հրացան ու ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 302 փամփուշտ։

Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները. Վարդաշեն թաղամասի բնակիչներից մեկը հանձնել է ինքնաշեն հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ և այլն։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00—ԼՄ