«Զինանոց 2021» միջոցառման շրջանակրում քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է։ Այս շրջանակներում ոստիկանության Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Ինքնաձիգները կամավոր հանձնած անձինք ոստիկանություն են բերել նաև փամփուշտներ։

«Կալաշնիկովը» Մալաթիայի բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մասնավորապես, մի տղամարդ զանգահարել է Արարատի բաժին ու հայտնել, որ Վեդի քաղաքի ջրատարի մոտ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչներով նռնակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ է թողել։

Արտաշատի բաժին եկած երիտասարդն էլ հետը բերել էր գործարանային համարը ջնջված «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Բալահովիտ գյուղում բնակվող մի տղամարդ էլ Ջրվեժից Ձորաղբյուր տանող ճանապարհին զենք-զինամթերք էր գտել ու զանգահարել ոստիկանություն։ Կոտայքի բաժնի ծառայողները քաղաքացու նշած վայրում հայտնաբերեցին գործարանային համարով ինքնաձիգ, փամփշտատուփեր ու փամփուշտներ։

Ոստիկանության Թալինի բաժնի պարեկապահակետային ջոկի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Աշնակ գյուղի մի բնակիչ բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ պատկանել  է հանգուցյալ հորը։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Արմավիրի մազում բնակվող երկու տղամարդ հիշյալ ստորաբաժանումներում կամավոր հանձնել են ատրճանակներ ու զինամթերք։

«ՏՕԶ» տիպի հրացանն ու ինքնաշեն ատրճանակը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնել են Կապան համայնքի երկու բնակիչ։

Ճամաբարակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ճամբարակում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք ու զինամթերք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ԼՄ