Զարեհ Սինանյանը Գլենդելում ծանոթացել է Hye Hopes նախաձեռնության աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Սինանյան

ԱՄՆ այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գլենդելում հանդիպել է Hye Hopes կրթական նախաձեռնության անդամների հետ` նախագահ Գրեգորի Կրիկորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից: 

Hye Hopes-ն այժմ կրթական տարբեր ուղղություններով ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի դպրոցների համար` տեխնիկայի տրամադրումից մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն:

Հանդիպման ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեության մանրամասները և հանդես եկել մի շարք առաջարկներով, որոնք մասնավորապես վերաբերում էին սփյուռքի կրթական հաստատությունների ներուժի համախմբմանն ու համատեղ աշխատանքին:

Գլխավոր հանձնակատարը հնչած բոլոր առաջարկների շուրջ սերտ համագործակցության ցանկություն է հայտնել, ինչպես նաև պատրաստակամություն ցուցաբերել աջակցելու նախաձեռնությանը Հայաստանում ունեցած մաքսային խոչընդոտների հարթման գործում: