Փաշինյանը գաղտնիության պայմաններում Սյունիք է մեկնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ է ուղևորվում: 24News-ի տեղեկություններով՝ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունն ու անվտանգության աշխատակիցների մի մասն արդեն մարզում են, կազմակերպչական հարցերով են զբաղվում, իսկ վարչապետը որոշ ժամանակ հետո այնտեղ կլինի: 

«Այցի նպատակը նույնն է, ինչ մյուս բոլոր այցերինը՝ հանդիպում քաղաքացիների հետ, այց զոհվածների շիրիմներին և այլն: Տարօրինակն այն է, որ եթե նման հանդիպումների ժամանակ վարչապետը շաբաթ կամ կիրակի օրն էր ընտրում, ապա այս դեպքում որոշել է աշխատանքային օրով այցելել»,- նշեց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։ 

Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը սահմանների ճշգրտման հարցով է մարզ այցելել, նա այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, մարզային այց է ուղղակի»: 

Մյուս դիտարկմանը, թե համայնքապետերը պատրաստվո՞ւմ են դիմավորել Փաշինյանին, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել: 

Նշենք սակայն, որ Սյունիքի մարզպետն ու խոշոր համայնքի համայնքապետերը մեր զանգերը անպատասխան թողեցին:

Հիշեցնենք, որ պատերազից հետո սա Փաշինյանի երկրորդ այցն է Սյունիքի մարզ: Նախորդ այցի ժամանակ սյունեցիները՝ Գորիսի, Կապանի, Մեղրիի ու այլ համայնքների ղեկավարների գլխվարությամբ, փակել էին նրա ճանապարհը, ինչից հետո վարչապետը Սիսիան համայնքից հետ էր դարձել:

Վրույր Սևակ