ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը «Բացե՛ք Մարշալ Բաղրամյան պողոտան» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում:
«Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսում էր «Վերջ թավիշին»՛ կարգախոսի մասին:
Անցել է 20 օր, և որևէ մեկն այսօր չի կարող մատնացույց անել, թե ինչպես է իրագործվում այդ կարգախոսը և առհասարակ՝ ինչո՞ւ օրենքները չեն գործում մեր երկրում:
Երևանում, այնուամենայնիվ, անիշխանություն է:
Քաղաքը պարալիզացված է, և օրվա տարբեր ժամերի խցանումները, մեղմ ասած, սղոցում են հազարավոր մարդկանց նյարդերը:
Իսկ փետրվարի 25-ից 17 կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» կողմից Մարշալ Բաղրամյան պողոտայի փակումով ուղղակի կատվածահար է եղել այդ տարածքի երթևեկությունը:
Սա թավիշ էլ չէ, սա պարզապես իշխանության անգործություն է, և այդ պողոտան փակող ուժերի ղեկավարների կողմից անարգանք ու արհամարհանք հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ:
Պողոտայի փակումը քաղաքական առումով արդեն իսկ կորցրել է իր ակտուալությունն ու գրավչությունը: Հիմա նույնիսկ այդ ակցիան աշխատում է պողոտան փակողների դեմ:
Հազարավոր մարդիկ կորցնում են իրենց օրը՝ մնալով խցանումների մեջ, իսկ իշխանությունն ու «Հայրենիք փրկողները» թքած ունեն այդ մարդկանց նյարդերի ու հայրենիքի վրա:
Իրենք իրենց խնդիրն են լուծում՝ սև ու սպիտակ գույների մեջ:
Բացե՛ք Մարշալ Բաղրամյան պողոտան»:
--00—ԼՄ