Հայաստանն ազատ անկման մեջ է. մենք աթոռակռիվ չենք անում. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ընդդիմության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցի ժամանակ կարծիք է հայտնել 2020 թվականի ավարտին Հայաստանը մոտեցել է գրեթե անլուծելի թվացող խնդիրներով, և Նիկոլ Փաշինյանի՝ 1 օր ավելի իշխանության ղեկին մնալն այդ խնդիրների լուծումը դարձնում է անհնարին:

«Ունենք շատ ծանր իրավիճակ՝ ռազմագերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված, զոհվածների ընտանքիների սոցիալական խնդիրներ, մենք ունենք լրջագույն խնդիրներ ներքին և արտաքին քաղաքականության մեջ, քանդված տնտեսություն, առողջապահական համակարգ, և այս ամենն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանն այսօր գտնվում է ազատ անկման մեջ, և եթե շատ արագ սրա դեմը չառնենք, վերջը լինելու է կործանում», - ասել է Վանեցյանը և հավելել, որ իրենք աթոռակռիվ չեն անում:

«Մենք աթոռակռիվ չենք անում: Աթոռակռիվ անում է բացառապես Նիկոլ Փաշինյանը: Մենք մեր բողոքի ակցիաներն իրականացնելու ենք վճռական, հասնելու ենք նրա հրաժարականին: Քաղաքացիական պատերազմ հրահրողը մեկ մարդ է, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է», - ասել է Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները որոշել են հավաքվել ԱԺ-ի դիմաց, իսկ խորհրդարանում ժամը 14:30 կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամն է:

--00—ԼՄ