Թուրքիան մղվում է ԼՂ, ինչը ցավոտ հարված կտա Կրեմլի հեղինակությանը. «Свободная Пресса»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

«Свободная Пресса»-ն «Թուրքիան մղվում է ԼՂ, ինչը ցավոտ հարված կտա Կրեմլին» խորագրով վերլուծություն է ներկայացրել ԼՂ-ում Թուրքիայի հավակնությունների մասին՝ ներկայացնելով նաև դրանց հետևանքները: 

Հղում անելով ՌԴ ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Դենիս Միրգորոդին՝ աղբյուրը գրում է, որ նեոօսմանիզմի և պանթուրքիզմի քաղաքականությունը վաղուց դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերիշխող տարրերից մեկը:

«Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները միայն հաստատում են Թուրքիայի ներկայիս ղեկավարության մեջ ռևիզիոնիստական տրամադրությունները: Եվ այստեղ ես չէի խոսի ուժեղացման մասին: Սա տվյալ է, որը որոշում է ժամանակակից Թուրքիայի դեմքը, որը փորձում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային գերտերություն: Տպավորություն է ստեղծվում, որ Անկարան յուրաքանչյուր նոր քայլով ստուգում է իր գործողությունների թույլատրելիությունը»,-ասել է փորձագետը, ապա անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղխված իրավիճակին:

«Իրավիճակը շատ անորոշ է: Կարծում եմ, որ դրա զարգացումը կախված է Ադրբեջանից, որը կարող է թույլ տալ թուրքական զինուժի ներկայությունը Լեռնային Ղարաբաղի` իր վերահսկողության տակ անցած տարածքում, ինչը, անկասկած, հարված կհասցնի Կրեմլի վարած արտաքին քաղաքական հեղինակությանը և կբարդացնի մեր խաղաղապահների աշխատանքը»:

Դենիս Միրգորոդն ԼՂ հիմնախնդրի լուծման համատեքստում ընդգծել է նաև Թուրքիայի հետ Սիրիայում Ռուսաստանի փոխգործակցության փորձը, միևնույն ժամանակ նշել, որ այս պահին ռուսական կողմի դիվանագիտական ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանին, այն է՝ ԼՂ հարցի լուծմանը՝ կանխելու Ռուսաստանի համար նոր խնդիրների առաջացումը:

--00—ԼՄ