Վարձկանների ներկայությունը սպառնալիք է նաև ՌԴ-ի և Իրանի համար․ ՆԻկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցից մի հատված ներկայացվում է ստորև:

The Jerusalem Post - Հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Ո՞վ քաշեց ձգանը այս պահին: Թուրքիա՞ն, ո՞վ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն, ըստ էության, ասացի նախորդ հարցին ի պատասխան, որ, այո, դա Թուրքիայի միջամտությունն է: Որի պատճառը դարձավ այն, որ Ադրբեջանը հասկացավ, որ ինքն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով սեփական ուժերով լուծել Ղարաբաղի հարցը: Եվ նա դիմեց Թուրքիայի օգնությանը: Թուրքիան էլ իր հերթին վարձկանների հավաքագրեց և տեղափոխեց Ադրբեջան՝ ունենալով սեփական քաղաքական շահը և նպատակները:

The Jerusalem Post - Կխնդրեի պարզաբանեք՝ դա Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի նախաձեռնությունն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, կարծում եմ, դա համատեղ նախաձեռնություն է: Ցանկանում եմ արձանագրել, որ մենք նախկինում ունեինք անուղղակի ապացույցներ վարձկանների ներգրավվածության վերաբերյալ, հիմա ունենք կոնկրետ ապացույցներ: Եվ այդ ապացույցները հետևյալն են՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը 2 վարձկան գերի է վերցրել: Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել՝ որ ինքն ապրելիս է եղել Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում, փախստականների ճամբարում: Պատմել է, թե ինչպես են իրեն հավաքագրել, պատմել է, թե որտեղ են իրենց ներգրավվել պրոցեսի մեջ, պատմել է, թե ինչպես են իրենք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով, բայց առանց որևէ հարցուփորձի: Դեռ մինչև սահմանն անցնելը նրանց անձնագրերը և բոլոր փաստաթղթերը հավաքել են: Հետո Թուրքիայի տարածքում տեղափոխել են ինչ-որ մի օդանավակայան, այդ օդանավակայանից թուրքական ինքնաթիռով տեղափոխել են մեկ այլ օդանավակայան, որտեղից էլ ադրբեջանական ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան՝ ընդ որում, այս ընթացքում չունենալով ոչ մի փաստաթուղթ: Նրանց ոչ ոք որևէ հարց չի տվել, թե ովքեր եք, ուր եք գնում և այդպես շարունակ: Նրանք, տեղափոխվելով Ադրբեջան, ամսական 2000 դոլար վճարի դիմաց ներգրավվել են որպես վարձկան: Այսպիսի հազարավոր վարձկաններ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա:

The Jerusalem Post - Ովքե՞ր են այդ մարդիկ, նրանք իսլամիստնե՞ր են, ովքե՞ր են նրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ենթադրաբար մի մասը ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչներ են, մյուս մասը՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքի բնակիչներ, ովքեր գումարի դիմաց ներգրավվել են այս գործընթացում:

The Jerusalem Post – Կխնդրեի ասեք՝ որքանո՞վ եք մտահոգված այն առումով, որ սա կարող է վերաճել տարածաշրջանային լայնածավալ առճակատման՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան, կամ միգուցե Իրանը: Կա՞ հավանականություն, որ այն կպայթի հենց հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես չեմ կարող ճշգրիտ կանխատեսում անել: Բայց արդեն ասացի, որ և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և՛ Ռուսաստանը հայտարարել են, որ վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է իրենց անվտանգությանը: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Ղարաբաղի պատերազմը մեկնարկելուց հետո մենք Հյուսիսային Կովկասից՝ Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններից, լսեցինք ահազանգեր, որ ռուսաստանցի իրավապահ մարմինները չեզոքացրել են ահաբեկիչների խմբերի, որոնք ներթափանցել են արտերկրից, որոնք ներթափանցել են Սիրիայից: Եվ այդտեղ թափանցիկ ակնարկ կար, որ դրանք հենց այս վարձկանների խմբերն են, խմբերի ներկայացուցիչներն են, որոնք ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Իրանն այս իրավիճակի շուրջ չափազանց մտահոգված է:

Գործնականում պատերազմը միշտ էլ անկանխատեսելիության որոշակի տարր պարունակում է: Եվ որևէ մեկը չի կարող ասել, թե մենք 100 տոկոսով կարող ենք կանխատեսել, թե ինչպիսի շրջանակներում կմնա սա: Բայց մեծ հաշվով այստեղ ավելի կարևոր է հետևյալը՝ այս մեխանիզմը, որի մասին ես խոսեցի, և որն արդեն իսկ հիմնավորվում է կոնկրետ փաստերով, որպես մեխանիզմ այլևս կոնկրետ գործող մեխանիզմ է, որը կարող է գործել աշխարհի ամենատարբեր մասերում:

Եվ ես պատահական չասացի: Սա Թուրքիայի վարած քաղաքականությունն է և այն քաղաքականության շարունակությունը, որ նա վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Հասկանո՞ւմ եք՝ բոլորովին նոր մեխանիզմ է սկսել աշխատել: Եվ թե այդ մեխանիզմը որտեղ ինչ դրսևորում կունենա, արդեն շատ դժվար է ասել: Ես կարծում եմ, որ այդ իմաստով մենք անկանխատեսելիության որոշակի դաշտ ենք մտել՝ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողություններին շատ կոնկրետ արձագանք և պատասխան չի տվել:

--00--ԱՀ