ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նա։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ