Արցախում 18 խաղաղ բնակիչ է սպանվել. ՄԻՊ-ը հրապարակել է զոհերի անունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ստեփանակերտ

Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով մինչ օրս սպանվել է 18 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը միջանկյալ զեկույց է հրապարակել։

Ըստ այդ զեկույցի` մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Մարտակերտ քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում եւ Մեծ շեն համայնքին հարակից վայրում։ Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60–ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը տղամարդիկ են, 12-ը` կանայք, որոնք բեկորային հարվածների հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ստորին եւ վերին վերջույթների, դեմքի շրջանում։

Բնակիչները վնասվածքներ են ստացել Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում` Ստեփանակերտ քաղաքում կամ հարակից հատվածներում, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, Թաղասեռ, Վարդաշատ համայնքներում, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում, Սպիտակաշեն համայնքում, Մարտակերտի շրջանում Մարտակերտ քաղաքում, Մաղավուզ, Ներքին Հոռաթաղ, Մատաղիս համայնքներում, Ալաշան բնակավայրում, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում։

«Տեղեկացնում ենք, որ այսօր եւս Ադրբեջանը ծանր հրթիռներով ու ավիացիոն ռումբերով ռմբակոծել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը, որի հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, արձանագրվել է երեք զոհ եւ 10 վիրավոր, որոնց վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,– հայտնում է պաշտպանի գրասենյակը։

Մարդիկ մահացել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ։

Պաշտպանի գրասենյակը հրապարակել է նաև Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալները` 03.10–ի դրությամբ.

1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,

2. Վիկտորյա Գեւորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,

3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,

4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,

5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,

6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,

7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,

8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,

9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,

10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,

11. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Մարտունի,

12. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, Ալաշան բնակավայր,

13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

15. Ինքնությունը եւ ծննդյան տարեթիվը դեռեւս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը եւ պարբերաբար ներկայացնում է թարմացված, լրացված տվյալներ։

--00—ԼՄ