Բնակչությանը հրետակոծելու մարտավարությունը կարժանանա ջախջախիչ պատասխանի․ «Ժառանգություն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

ժառանգություն

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ։ 

«2020 թվականի հուլիս 12-ի կեսօրին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց նոր արկածախնդրական, սադրիչ քայլ՝ փաստացի հարձակում գործելով Հայաստանի Հանրապետության դեմ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում:

«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ արդեն երկօրյա ռազմական այս հակամարտությունը, որը սանձազերծեց Իլհամ Ալիևի վարչակազմը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն արդեն անուղղակի հաստատել է իրենց նախահարձակ լինելը՝ պնդելով, թե կարևոր չէ՝ ով է առաջինը եղել, դառնում է Հայաստանի խաղաղ, քաղաքացիական բնակչության կյանքի և կենսագործունեության ուղղակի սպառնալիք, որովհետև ԱԹՍ-ով թիրախավորվել և հրետակոծվում են ոչ միայն սահմանամերձ գյուղերը՝ Մովսեսը և Չինարին, այլև Տաուշի կենտրոն Բերդը:

«Ժառանգությունը» լիակատար զինակցություն և աջակցություն է հայտնում Հայատանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը մեր պետության ազգային անվտանգությունը և խաղաղ բնակչության կյանքի իրավունքը պաշտպանելու բոլոր քայլերում: Սանձազերծված մարտական գործողությունների և Հայաստանից ու Արցախից պարբերաբար կտոր-կտոր տարածք բռնազավթելու, խաղաղ բնակչությանը հրետակոծելու մարտավարությունը արժանանալու է հստակ ու ջախջախիչ պատասխանի: Հայաստանի Հանրապետությունը և բանակը երաշխավորն են մեր սահմանների ու տարածքային ամբողջականության և, ամենակարևորը, մեր բնակչության անվտանգ կենսագործունեության:

«Ժառանգությունը» դիմում է միջազգային շահագրգիռ բոլոր ատյաններին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարությանը, ՀԱՊԿ-ին,ԵՏՄ-ին, ելնելով աներկբա հիմքերից նախահարձակ լինելու և հարևան պետության տարածք ներխուժելու, խաղաղ բնակչությանը թիրախավորելու գործողությունների կասեցման համար շտապ գործուն քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանի գործողությունների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարություններն ու դիմումները մինչ այժմ անարդյունավետ են եղել: Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու պահպանումը կարևորագույն միջազգային մարտահրավեր է»:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս