Covid-19-ը՝ Հունաստանում, Իրանում, Մոսկվայում և Նորվեգիայում. պատմում են տեղի բնակիչները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 202 երկրում: Վարակվածների թիվն անցել է 600 հազարը: 

Հունաստանում, օրինակ, վերջին տվյալներով, կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 966-ի, 28 մահվան դեպք է գրանցվել։  52 մարդ բուժվել է։

«Լարված իրավիճակ է, փողոցները դատարկ են, գրեթե մարդ չկա: Մարդիկ առանց ձևաթղթի դուրս չեն գալիս տնից», - այս մասին 24News-ին պատմեց Հունաստանի Քսանտի քաղաքում բնակվող մեր հայրենակիցը: 

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հունաստանում սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Նրանք, ովքեր խախտում են սահմանված պահանջները, ձերբակալվում կամ տուգանվում են։ 

Մյուս երկրում՝ Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 2500-ը: Վարակվել է ավելի քան 35 հազար բնակիչ:

Իրանի Սպահան քաղաքի բնակիչներից Նադեր Փակնահադը 24News-ի հետ զրույցում պատմեց, որ քաղաքում սահմանափակված է մարդկանց տեղաշարժը, փողոցներում և այգիներում անցորդներ չկան։ Նա նաև հույս հայտնեց, որ աշխարհը կկարողանա պայքարել համաճարակի դեմ: 

Նշենք, որ Իրանը համարվում է կորոնավիրուսից աշխարհում առավել տուժած երկրներից մեկը:

Ի տարբերություն մյուս երկրների՝ Ռուսաստանում դեռ չեն շտապում արտակարգ դրություն հայտարարել։ 

Տեղի բնակիչների տրամադրած տեսանյութերում երևում է, որ Մոսկվայում փողոցները շարունակում են մարդաշատ լինել։ Մետրոյում և այլ վայրերում մարդկանց մեծ մասը տեղաշարժվում է առանց դիմակների և ձեռնոցների: 

Տեղեկացնենք, որ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման նոր 182 դեպք, որոնցից 136-ը՝ Մոսկվայում: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասնում է 840-ի, որոնցից 546-ը՝ Մոսկվայում։

Կորոնավիրուսը հասել է նաև Նորվեգիա: 

Տեղի բնակիչներից մեկը 24News-ին տրամադրել է մի քանի տեսանյութեր, որում երևում են Նորվեգիայի դատարկ փողոցները: 

Վերջին տվյալներով՝ Նորվեգիայում 3970 մարդ վարակվել է կորոնավիրուսով, գրանցվել է 20 մահվան դեպք:

Սոնա Գրիգորյան