Ֆրեզնոյում 6-րդ անգամ հրկիզել են հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված է Թեհլերյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Screenshot_5

Անհայտ անձինք 6-րդ անգամ հրկիզել են ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը: Վեց միջադեպերի հետևանքով այրվել է 19 հին նոճի։ Այս մասին գրում է «Զարթոնքը»։

«Ուրբաթ երեկոյան ութ ծառ է այրվել հայկական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ։ Ֆրեզնոյի ոստիկաններն ու հրշեջները շտապ ժամանել են, սակայն ձերբակալություններ չեն եղել», – նշում է պարբերականը։

Գերեզմանատան ղեկավարությունը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակային հարձակումներ։ Նրանք հիշեցրել են, որ գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում ՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։

«Այս գերեզմանատան առաքելությունն է պահպանել բոլոր նրանց հիշատակը, ովքեր թաղված են այստեղ: Անհնար է նկարագրել, թե որքան լուրջ ենք մենք մտահոգված տեղի ունեցածով»,-ասել է գերեզմանատան տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը։

Նա նշել է, որ հրդեհները գրանցվել են 1885 թվականին հիմնադրված գերեզմանատան ամենահին հատվածում։

Տնօրենը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ:

Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։

--00—ՅՄ