Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

1134429

Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ անդրադառնալով այդ ջարդերի 32-րդ տարելիցին:

«32 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության ջարդեր։

Ապրիլի 10-ի լուսադեմին տևական հրետակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։ Տարբեր տվյալներով՝ Մարաղայում ջարդերի արդյունքում սպանվեց առնվազն 50 անձ, մի քանի տասնյակ բնակիչ էլ գերեվարվեց, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։

Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ավելին, Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման՝ օրինակ ծառայելով Ռամիլ Սաֆարովի, 2016թ. Ապրիլյան պատերազմի և 2020թ. Արցախյան պատերազմի ադրբեջանական ռազմական հանցագործների համար։

2020 թ. հետո էլ Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ և ցեղասպանական գործողությունները՝ Արցախի հայերի բռնի տեղահանությունը, մշակութային ժառանգության նպատակադրված ոչնչացումը։ Ադրբեջանի գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ գնահատականին ու դատապարտմանը, իսկ ռազմական հանցագործությունների հեղինակները ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

--00—ՅՄ