Վեհափառը իրաքահայ ուխտավորներին հորդորել է ամեն ջանք ի գործ դնել զորացնելու համար հայ համայնքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

387753759_730189489149972_6970031667982771664_n

Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց իրաքահայ ուխտավորներին՝ ուղեկցությամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի։

Սրբազան Հայրը, հայցելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, ներկայացրեց ուխտավոր հայորդիներին։

Այնուհետև իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունը շնորհավորեց իրաքահայերին իրենց առաջնորդի եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով։ Հայոց Հովվապետը համոզմունք հայտնեց, որ Օշական Սրբազանը, աջակից ունենալով թեմի հոգևոր դասին, կենտրոնական վարչությանը, նորանոր ձեռքբերումներով կարդյունավորի իր առաջնորդական ծառայությունը:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հորդորեց իրաքահայ ուխտավորներին առավել նախանձախնդրությամբ ապրել ազգային-հոգևոր արժեքներով, պահպանել իրենց ազգային ինքնությունը, ամեն ջանք ի գործ դնել զորացնելու համար հայ համայնքը և իրենց օգտակար ծառայությունը բերել ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:

--00—ՅՄ