Ակնկալում եմ, որ Եվրոպական հանձնաժողովն ավելի կոնկրետ քայլեր կանի Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

մ

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այժմ առավել քան երբևէ ունի Եվրոպական Միության աջակցության կարիքը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ԵՄ-ի թե ֆինանսական, թե քաղաքական աջակցության կարիքը՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։  Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է պատրաստ Եվրամիությունն անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Կալյուրանդը նշում է, որ դա հարցադրում է, որ պետք է ուղղվի Հայաստանի ղեկավարությանը, շատ որոշումներ հենց Հայաստանը պետք է կայացնի։

ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր քայլն արել է, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։ Նա հավելել է, որ հերթը Եվրոպական հանձնաժողովինն է, որից ակնկալում է ավելի կոնկրետ քայլեր։ 

Մարինա Կալյուրանդն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև․

-Տիկին Կալյուրանդ, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու արևմտյան ջանքերը որքանո՞վ են արդար և կառուցողական՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում արցախահայությունը բոլորովին անտեսված ու լքված մնաց Արևմուտքի կողմից։

-Ես չեմ կարող խոսել ամբողջ Արեւմուտքի անունից, կարող եմ խոսել Եվրախորհրդարանի, իմ պատվիրակության անունից և, հիմնվելով այն ամենի վրա, ինչ տեսնում եմ, ԵՄ-ի անունից: Այո, ես նախկինում բազմիցս լսել եմ, որ ԵՄ-ն բավականաչափ ուշադրություն չի դարձրել Լեռնային Ղարաբաղին և հայերի վերաբերյալ իրավիճակին՝ նաեւ 2020 թվականի պատերազմից հետո: Բայց կցանկանայի ասել, որ ԵՄ-ն մեծ դեր է խաղացել միջնորդության հարցում: Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումները միջնորդական ջանքերով են տեղի ունեցել։ Բրյուսելում անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջնորդական աշխատանքներ տեղի ունեցան՝ նպատակը հոկտեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հնարավոր հանդիպման համար հող նախապատրաստելն էր։

Մենք Հայաստանում դիտորդական առաքելություն ունենք, որն, այո, այնտեղ է անցյալ տարվա դեկտեմբերից, եւ ադրբեջանական կողմը չի ճանաչում, բայց առաքելությունը կա։ Այն փորձում է կատարել իր հիմնական խնդիրը, փորձում է անել գլխավորը՝ ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը, լինել խաղաղության ու անվտանգության երաշխիք։ Բայց, իհարկե, հեշտ չի կարող լինել, եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք չունեն։ Միջնորդությունները կարող են անվերջ շարունակվել, եթե չկա քաղաքական կամք՝ կնքելու երկարատև խաղաղության համաձայնագիր՝ խաղաղության և անվտանգության երաշխավորման դրույթներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների վրա կենտրոնանալով։ Առանց այդ երաշխիքների ես պարզապես չեմ պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է վստահ լինել, որ իրենց կհարգեն, և իրենց իրավունքները պաշտպանված կլինեն։

-Վերջերս ձեր տված հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Հայաստանում իշխանությունները փորձում են մերձենալ Արևմուտքի հետ, ուստի Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանի իշխանություններին։ Կարո՞ղ է Եվրամիությունը կամ ընդհանրապես Արևմուտքը Հայաստանին անվտանգության իրական երաշխիքներ տալ՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկայացնում է Թուրքիան, իսկ նրա կեցվածքն ու հարաբերությունները Ադրբեջանի հետ հայտնի են բոլորին։

-Դժվար հարց է։ Ինչ վերաբերում է օգնությանը, այո, ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ավելի շատ ԵՄ աջակցության կարիքն ունի, քան երբևէ, այդ թվում՝ քաղաքական, այդ թվում՝ ֆինանսական՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։ Եվ ես իսկապես ուրախ եմ, որ ԵՄ-ն արդեն աջակցում է՝ առաջին որոշումը կայացված է, միջոցներ են  հատկացվում  փախստականների հետ կապված իրավիճակին օգնելու համար։ Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա դա ավելի շատ հարցադրում է հենց  Հայաստանի համար: Հայաստանն այսօր ՀԱՊԿ անդամ է։ Թեև ձեր վարչապետը շատ քննադատաբար է վերաբերվել այն դերին, որ Ռուսաստանը խաղացել է, կամ ավելի շուտ կասեի, որ չի խաղացել տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում՝ չմիջամտելով Ադրբեջանի վերջին հարձակումների ժամանակ։ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ինձ համար դա շատ հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին ձախողվել է։ Եվ հիմա հարցը Հայաստանի իշխանություններին ու պաշտոնյաներին է՝ ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: Ես շատ ուշադիր լսում եմ, թե ինչ է ասում ձեր վարչապետը ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման մասին։ Ես շատ ուշադիր հետևում էի ձեր զինվորականների վարժանքներին ամերիկացիների, Կանզասի ազգային գվարդիայի հետ: Կարծում եմ՝ սրանք այն քայլերն են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը ցանկանում է անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ունենալ նաև արևմտյան տերությունների հետ։ Բայց, ինչպես ասացի, շատ որոշումներ Հայաստանը պետք է կայացնի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00--ԼՀ