Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա, շոու է. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

արա

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում, ըստ որի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը   մի քանի ժամից հրաժարական է ներկայացնելու, սակայն Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ այդ ամենն ուղղակի շոու է: 

«Ես էլ եմ լսել, բայց ցավոք սրտի չեմ հավատում: Շատ լավ կլիներ, բայց այդ տեղեկությունը կարդացողներից գուցե շատերը ոգևորվեն, բայց հերթական հիասթափությունը կարող է մեզ սպասել»,- ասաց Գալստյանը: 

Հարցին, թե ու՞մ է ձեռնտու այդ խոսակցությունների դաշտ նետելը, պատգամավորը նշեց. «Հենց իրենց` իշխանություններին, ցույց տալով` իբր որ իրենք կառչած չեն իրենց աթոռներից, բայց, ցավոք սրտի,  180 աստիճան հակառակ երևույթն է: Ես միայն ու միայն ուրախ կլինեմ և կողջունեմ, ինչու չէ նաև հարգանքս կբարձրանա առ Արայիկ Հարությունյան, եթե նա իրականում որոշել է` գնալ և թույլ տալ երկիրը այս ճգնաժամից դուրս բերել»,- մատնանշեց Գալստյանը: 

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի հետ 0% է շանսը, որ կարող են փրկվել. «Առանց Արայիկ Հարությունյանի ունենք թեկուզ 0.1% և, եթե Արայիկ Հարությունյանը որոշել է թույլ տալ արցախցիներին և ամբողջ հայ ազգին օգտվել այդ 0.1% շանսից, մենք իրեն շնորհակալ կլինենք»,- եզրափակեց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Մերի Մանուկյան

--00--ԼՀ