Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է. ՇՄՆ-ն կոչ է անում պահպանել մաքրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

photo_2023_07_31_15_11_42.thumb_.jpg

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կազմակերպում են բնության գրկում և բնության նկատմամբ ոչ սրտացավ վերբերմունքի արդյունքում վնասում շրջակա միջավայրը։

Օրեր առաջ քաղաքացիների կողմից ահազանգ էր հնչեցվել, որ «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում առկա է աղբի կուտակում, թեպետ ազգային պարկի գործառույթների մեջ չի մտնում աղբահանությունը և այն օրենքով վերապահված է մեկ այլ գերատեսչության, ազգային պարկի ներկայացուցիչները արգելոցի տարածքում աղբի հավաքման և մաքրման աշխատանքներ են իրականացրել։

Հարգելի քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, որի շրջանակում 2022 թվականից անգամ հատուկ ընթացակարգով և սահմանափակումներով թույլատրում է մուտք «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց և արգելավայր։

Նախորդ տարիներին «Նորաշենի» արգելոցի և համանուն արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման դրական միտում է նկատվում։

Ուստի արգելոցի տարածք մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին, հանգիստը կազմակերպելիս պետք է դրսևորի բարձր քաղաքացիական գիտակցություն, մաքուր, խնամված և անխաթար պահի շրջակա միջավայրը և չվնասի այն։

Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,-նշված է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ