Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընդերքօգտագործմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի նորանշանակ տնօրենի՝ Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Պետրոսյանը շնորհավորել է տիկին Գեգինատին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարությամբ Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակն արդյունավետության ավելի բարձր նշաձող կսահմանի։

Նախքան հանդիպման օրակարգային թեմաների քննարկումը, նախարարը ներկայացրել է ոլորտում կյանքի կոչված և ընթացքի մեջ գտնվող բոլոր այն բարեփոխումները, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել Համաշխարհային բանկի գործունեության ոլորտում։

Այն է՝
✅ Կլիմայի փոփոխության ռիսկերի կառավարում
✅ Ընդերքօգտագործում
✅ ՇՄԱԳ համակարգի կատարելագործում
✅ Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի կատարելագործում
✅ Կայուն անտառկառավարում
✅ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում

Նախարար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին։ Հայաստանը չափազանց կարևորում է կլիմայական օրակարգը և դրա մի մասը դառնալու հնարավորությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ համաժողովին Հայաստանը ներկայանալու է բավականին ներառական կազմով և ընդգրկուն օրակարգով։

Նախարարը նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հետաքրքրված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ խմբված երկրների փորձն ու ռեսուրսը մեր երկրում որևէ ձևով իրացնելու հնարավորությամբ, կլիմայի փոփոխության դեմ դիմադրողականության և հարմարվողականության բարձրացման, ինչպես նաև՝ բնապահպանություն-արտաքին պարտք հայեցակարգի իրագործմանն ուղղված համալիր միջոցառումներով ու ծրագրերով։

Հանդիպմանը բավականին լայն անդրադարձ է կատարվել Հայաստանում ընդերքօգտագործմանը, այդ ոլորտը կանոնակարգելուն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության ջանքերին ու ՇՄԱԳ ինստիտուտի կայացմանը։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանելու կառավարության որոշումը, որով Էականորեն կբարելավվի ընդերքօգտագործողին ռեկուլտիվացման աշխատանքների իրականացման նպատակով դրամագլխից համապատասխան կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին համապատասխան գումար տրամադրելու, մասնակի տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշման կայացման ընթացքը, կմեծանա դրամագլխից ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման նպատակով հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի մասին։

Նախարարը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պարտավորվածության մասին՝ մինչև 2030 թվականը կրկնապատկել անտառային տարածքները։ Կառավարության «10 միլիոն ծառ» ծրագրով արդեն տնկվել է 702 280 ծառ: Այս աշնան ծառատունկի ընթացքում նախատեսվում է տնկել ևս 260.000։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը:

--00--ԱԹ

--00--ԱԹ