Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» մաքսակետում մոդուլային տաղավարեր կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

Մարգարա

Հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Այնտեղ մոդուլային տաղավարներ կկառուցվեն: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօրվա նիստում:

Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։ Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։

Պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը՝ 110.2 մլն դրամը, փոխանցվելու է կապալառուին՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:

«Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով և դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20․06․2023թ․կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով»,- ասված է որոշման նախագծում։

--00—ՅՄ