ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կտուգանվեն 70-100 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

դդ

«Առավոտ» թերթը գրում է․ «ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ասաց, որ փաթեթի հիմնական նպատակն է խստացնել դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, այն բարձրացված է պետակա՞ն շենքի վրա, թե՞ տեղադրված է մեկ այլ վայրում։ «Նման խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել միայն ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել՝ առանց վարչական դատարան դիմելու»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ օրենքի համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշին ներկայացվող պահանջների խախտման համար։

Մասնավորապես, տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով։ «Այս գործերով վարչական իրավախախտումների քննությունը ներկայումս վերա- պահված է վարչական դատա- րանին՝ ոստիկանության հայցա- դիմումով։ Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա։ Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին կամ փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա այս դեպքերում դրոշին ներկայացված պահանջների խախտումները չեն ընկնում վարչական պատասխանատվության տակ։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես, դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե՞ տեղադրված է մեկ այլ վայրում»,- ասաց նա։

Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ հստակեցվում է դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը։ Այդ պահանջները խախտելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով։ Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվում է ոստիկանությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ՍՊ