Տարոնիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու վարույթն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

1687518507,4466.jpeg

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տարոնիկ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2014-2019թթ. ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի (Մեծամոր խոշորացված համայնքի Տարոնիկ բնակավայր) ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա․Խ․-ն շահադիտական նպատակով, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ, գրառումներ մտցնելով, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 17.606.172 ՀՀ դրամ գումար։

Մասնավորապես, ըստ վարույթով ձեռք բերված տվյալների՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ համայնքի բնակիչներն իրենց պատկանող հողատարածքներում ինքնակամ կառուցել են շինություններ, որևէ միջոց չի ձեռնարկել դրանք կանխարգելելու ուղղությամբ, շինարարություն իրականացնող անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել։

Բացի այդ, տվյալներ են ստացվել, որ Ա․Խ․-ն համայնքի բնակիչներից մեկին որպես պահակ ձևակերպել է Տարոնիկի համայնքապետարանում: Վերջինիս՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում,  համայնքի ղեկավարը, հաշվապահի օժանդակությամբ, բանկային քարտին փոխանցել և կանխիկացնելով յուրացրել է խոշոր չափերի՝ 1.099.348 ՀՀ դրամ գումար։

2016թ․ ապրիլի որոշմամբ Տարոնիկ գյուղի՝ ապրիլյան պատերազմում զոհված բնակչի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով հատկացրել է 300.000 ՀՀ դրամ գումար, սակայն արարողությունները կազմակերպվել են զոհվածի հարազատների կողմից, իսկ համայնքապետարանի բյուջեից դուրս գրված 300.000 ՀՀ դրամ գումարը, համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով խախտումներ ի հայտ են եկել նաև համայնքի բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու գործընթացում:

Մասնավորապես, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ավագանու որոշման և համապատասխան անձանց գրավոր դիմումների բացակայության պայմաններում, իր մերձավորներին և համայնքի՝ իր նախընտրած բնակիչներին, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, տրամադրել է սոցիալական օգնություն:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Տարոնիկ համայնքի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են ավտոմեքենանների վարձակալության պայմանագրեր, որոնց համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծախսերը պետք է իրականացվեին վարձատուի հաշվին։ Սակայն քննությամբ պարզվել է, որ նման պայմաններում Ա․Խ․-ի կողմից տեխնիկական սպասարկման համար դուրս է գրվել մի դեպքում 818.000 հազար ՀՀ դրամ գումար, մյուս դեպքում` 1.614.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացվել է։

Պարզվել է նաև, որ համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը ծառայել է համայնքի աղբահանությունը կազմակերպելու համար, մշտապես աշխատել է գազ տեսակի վառելիքով, սակայն նշված ավտոմեքենայի համար համայնքի բյուջեից դուրս է գրվել և համայնքի ղեկավարի կողմից յուրացվել է 2.500.000 ՀՀ դրամի բենզին։

Նախաքննության ընթացքում ստացվել և զննության են ենթարկվել Արմավիրի մարզի Տարոնիկի համայնքապետարանի կողմից «Վազ 21214» ավտոմեքենայի աճուրդի վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ առանց համապատասխան գնահատման մեքենան, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, գնահատվել է 370.000 ՀՀ դրամ։ Մեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարության մեջ, ի թիվս այլ տեղեկությունների, նշվել է, որ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում, ենթակա է կապիտալ վերանորոգման։ Դա այն դեպքում, երբ համայնքապետարանի կողմից 2014–2015թթ., ընթացքում նշված ավտոմեքենայի տեխնիկական շահագործման համար, ծախսվել է 3.551.700 ՀՀ դրամ գումար։

Նման պայմաններում հայտարարված աճուրդը անցկացվել է մի շարք խախտումներով։ Մասնավորապես, չնայած «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքն արգելում է  սակարկություններին սակարկությունների կազմակերպչի, վերջինիս աշխատակիցների, իսկ մրցույթների դեպքում՝ նաև մրցութային հանձնաժողովի անդամների, աճուրդավարի մերձավորների մասնակցությունը, սակայն այդ պայմաններում համայնքապետարանի աշխատակից, միևնույն ժամանակ աճուրդի կազմակերպիչ և վարող համայնքի ղեկավարի կնոջ հայրը, մասնակցելով աճուրդին, հաղթել է այն և 370.000 ՀՀ դրամով գնել ավտոմեքենան։ Աճուրդի այլ մասնակցի առկայության պայմաններում որևէ աճուրդային քայլ չի կատարվել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Տարոնիկ համայնքի նախկին ղեկավար Ա․Խ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (մեկ դրվագ) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում, համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1 900 000 ՀՀ դրամ գումար: Միջոցներ են ձեռնարկվել պատճառված վնասի մննացած մասը վերականգնելու երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

--00--ԶՀ