Դիլիջանի համայնքապետարանի և ազգային պարկի պաշտոնյաների չարաշահումները բացահայտվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

դատախազ.

«Hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն: Այդ շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Դիլիջան համայնքի Պարզ Լճի փողոց 24 հասցեում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համալիր կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից մի քաղաքացու 2016թ. հուլիսի 22-ին տրվել է շինարարության թույլտվություն, որով շինարարական աշխատանքների համար սահմանվել է 12 ամիս ժամկետ: Թեև վերջինիս գործողությունը դադարել է 2017թ. հուլիսի 22-ին, սակայն շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով տուգանքի:

Մինչդեռ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ, ինչի հետևանքով բացառվել է կառուցապատողին 3.204.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև ավելի վաղ կնքված պայմանագրով շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է կադաստրային գրանցում ստանալու օրվանից 5 տարվա ժամկետ, իսկ այդ ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և բիզնես-ծրագրով նախատեսված, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը համարվում է չեղյալ, և հողամասը վերադարձվում է սեփականատիրոջն առանց փոխհատուցման:

Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը: Սակայն դրանք չեն ավարտվել, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անտեսելով այդ հնգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը չեղյալ համարելու, շուրջ 5000 ք/մ հողամասը պետությանը առանց փոխհատուցման վերադարձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետությունը զրկվել է նշված հողամասը լիարժեք տնօրինելու իր իրավունքից։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքի և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Բացի այդ Տավուշի մարզի դատախազությունում նույն հոդվածի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասում ռեստորանային մասնաշենք և 4 քոթեջներ կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից 2009թ. օգոստոսի 18-ին ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն:

Պարզվել է, որ շինարարության թույլտվությամբ շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է 25 ամիս ժամկետ, որի գործողությունը դադարել է 2011թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում: Ըստ ուսումնասիրության՝ այս դեպքում ևս ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել, մինչդեռ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց վերոնշյալ ծառայողական պարտականությունները: Արդյունքում հնարավոր չի դարձել կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով 747.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել:

Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, որոնք առաջացնում են լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն, Տավուշի մարզի դատախազության կողմից հանձնարարվել է ոստիկանության Դիլիջանի բաժնին քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը:

«Դիլիջան ազգային պարկ»-ի մյուս տարածքներով վարձակալության հանձնված հողերի մասով ուսումնասիրությունները շարունակվում են: