Արցախի նախագահը երեք նախարարի է ազատել պաշտոններից և նոր նշանակումներ արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

42955853_0_0_1600_900_1920x0_80_0_0_4d5a856e39b43ddceab0614b8f4b56b3

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: ԱՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը:

Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը:

Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից: ԱՀ քաղաքաշինության  նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին:

Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Լևոնի Հայրիյանն ազատվել էր ԱՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, իսկ Վահրամ Ռուդիկի Առաքելյանն ազատվել էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:

--00—ՅՄ