Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ գործեի. Վարդանյանը հարցազրույց է տվել Le spectacle du monde պարբերականին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Ռ

Le spectacle du monde – Եվ այնուամենայնիվ, Արցախի խնդիրը կարծես թե առաջնային նշանակություն չունի միջազգային հանրության համար։ Թեև​​Վաշինգտոնը բարձրացրեց իր բողոքի ձայնը, սակայն հայկական հիմնախնդիրը հեռու է առաջնահերթություն լինելուց։ Ինչու՞: Ռուբեն Վարդանյան- Ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալպոլիտիկի սկզբունքներով։ Որոշումներ կայացնողները կարող են անտեսել մարդու իրավունքները, արժեքները, թափանցիկությունը, նրանք կարող են իրենց իրավունք վերապահել՝ որոշելու, թե որն է ճիշտ կամ սխալ: Օրինակ, այն, ինչն այս պահին կարևոր է Եվրոպայի համար, գազն է:

Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Միշտ կա մեծ խաղ, որն ընթանում է մեծ քաղաքական պայքարով։ Ֆրանսիան ամենասկիզբից հանդես է եկել ի աջակցություն մեզ։ Սա գալիս է իշխանություններից, բայց նաև քաղաքացիական հասարակությունից: Տպավորություն ունեմ, որ նրանք մեզ աջակցում են, քանի որ սա նման է Դավթի և Գողիաթի պատմությանը: Մենք փոքր ժողովրդավարական երկիր ենք, անցկացնում ենք ընտրություններ, ունենք քաղաքական կուսակցություններ, հակադիր տեսակետներ։ Ադրբեջանն ավտորիտար սուլթանություն է, որտեղ սուլթանը միախառնում է իր երկրի շահերը սեփական շահերի հետ։

Իսկ Ֆրանսիայում դուք դեռ շարունակում եք ուշադրություն դարձնել այդպիսի արժեքների։   Le spectacle du monde – Դուք հավատու՞մ եք, որ Էմանուել Մակրոնը կարող է խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենին հրաժարվել ադրբեջանական գազից։ Ռուբեն Վարդանյան- Ես չգիտեմ, թե արդյոք դա հեշտ կլինի: Այն, ինչ նա, այնուամենայնիվ, կարող է անել, Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին ասելն է, որ նրանք այլևս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար, քանի որ այն, ինչ նրանք անում են, այլևս ընդունելի լինել չի կարող:

Դա կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ բռնապետերը զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիևների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն։ Դա կարող է միջոց լինել՝ նրան հաղորդելու, որ միշտ չէ, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է: Le spectacle du monde – Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանի հետ երբևէ հնարավոր է խաղաղություն ունենալ, և եթե այո, ապա ինչի՞ հիման վրա։ Ռուբեն Վարդանյան- Իհարկե:

Մենք լավ օրինակ ունենք: Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ առճակատման մեջ են եղել, իսկ այժմ նրանք ունեն հիանալի հարաբերություններ, որոնք նյութականանում են այնպիսի նվաճումներով, ինչպիսին, օրինակ՝ Airbus-ն է։ Բայց դա երկար ճանապարհ է, որն առաջնորդներից պահանջում է շատ աշխատանք, կամք և ներգրավվածություն: Կարծում եմ նաև, որ մենք պետք է տարանջատենք հասարակ մարդկանց պատկերացումները իշխանությունների պատկերացումներից։

Le spectacle du monde – Ի վերջո, չե՞ք կարծում, որ միջազգային իրավունքը պետք է զարգանա՝ ավելի շատ կարևորություն տալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, քան սահմանների անձեռնմխելիությանը։ Ռուբեն Վարդանյան- Այո, բայց դա նաև այն հարցն է, թե արդյոք ժողովուրդներն ապրում են նորմալ պայմաններում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք իրավունքներ ունենանք, եթե լինենք Ադրբեջանի քաղաքացիներ, այն դեպքում, երբ իրենք՝ ադրբեջանցիները, գրեթե իրավունքներ չունեն իրենց իսկ երկրում։

Բացի դրանից, մենք ապրում ենք մեր նախնիների հողի վրա, այստեղ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր կրոնը։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր ինքնությունը: Սա հնարավոր չէր լինի, եթե մենք լինեինք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս ամենն այն աստիճան կարևոր է, որ մենք պետք է հիշենք 20-րդ դարի ողբերգությունները: Պետք է անպայմանորեն խուսափել ցանկացած նոր ողբերգությունից:

Ավելի լավ է խուսափել դրանից, քան հետագայում ստիպված լինել գործ ունենալ դրա հետևանքների հետ: Ահա թե ինչու ես հույս ունեմ, որ Ադրբեջանի վրա ճնշումները կշարունակվեն՝ խոչընդոտելով նրան շարունակել սկսածը։

--00—ԱՊ