Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։

Մինչ այդ կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը:

Նիստի ունեցած ողջույնի խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ողջունում եմ Ձեր կառավարությանը, հանձնաժողովի անդամներին: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Երևանում և իմ գործընկեր բարեկամի հետ ղեկավարել տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Նախ ուզում եմ նշել, որ տնտեսական հանձնաժողովը կարևոր հարթակ է մեր երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կապերի հզորացման համար: Ինչպես հայտնի է, մենք բազմադարյա բարիդրացիական բարեկամություն և եղբայրություն ունենք, և այսօրվա նիստն էլ ևս մեկ քայլ կլինի մեր երկրների տնտեսական առաջընթացի, նորարարությունների ներդրման առումով:

Իսկ այս ամենին հնարավոր է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում: Մենք բավականին դրական դինամիկա ունենք կառավարությունների միջև: Հաճույքով ուզում եմ նշել, որ անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում առևտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը: Իսկապես դա ողջունելի արդյունք է: Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը: Թոփ տասնյակում Հայաստանը 6-րդ տեղում է, ինչը մեզ շատ է ուրախացնում:

Ուզում եմ նշել նաև, որ բոլոր ուղղություններով մենք ունենք դրական առաջընթաց. զբոսաշրջություն, բեռնափոխադրումներ, բոլոր ուղղություններով աճել են տվյալները:

Պարոն վարչապետ,

հանձնաժողովի թանկագին անդամներ,

ուզում եմ նշել նաև, որ մեր իշխանությունը, մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված ենք, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ խաղաղություն: Այս նպատակով ուզում եմ նշել, որ մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար: Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի:

Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների հանձնաժողովի անդամներին: Շատ արդյունավետ, արգասաբեր աշխատանք է կատարվել երկու կառավարությունների կողմից:

Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորիդ, սրտանց շնորհավորում Ամանորն ու Սուրբ ծնունդը, հաջողություն և բարօրություն ցանկանում մեր բարեկամ հայ ժողովրդին»:

--00—ՅՄ