Հանրային քննարկման է ներկայացվել մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

հուշարձան

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը:

Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը  սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություն­ներից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը։

Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու և մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։

Ռազմավարության համար հիմնաքարային են մշակութային ժառանգության պահպանության, հասարակության և անհատի՝ մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական ազատության իրավունքի ապահովումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են իրավական երաշխիքները։

Ռազմավարության հիմքում ընկած են ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը: Առանցքային են մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու  կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր հատված համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը,  աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը:

Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝

1․ մշակույթն ազգային ինքնության կայացման և համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է,

2․ մշակույթն արժեքահեն քաղաքացու կրթության և դաստիարակության գրավականն է, մարդկային կապիտալի զարգացման կարևորագույն պայմանը,

3․ մշակույթն ազատ և երջանիկ քաղաքացու ձևավորման պայման է,

4․ մշակույթն անձի ստեղծագործական ազատության, ոգեղենության արտահայտման և ինքնադրսևորման միջոց է,

5․ մշակույթը հանրային համերաշխության և բարեկեցիկ հասարակության ձևավորման երաշխիք է,

6․ մշակույթը միջազգային համագործակցության ընդլայնման գործոն է:

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա:

Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու նպատակները, ինչպես նաև նախանշում է բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը անհատի և հասարակության վրա։

Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային՝ ընդգրկելով մասնագիտական հանրության և միջազգային կազմակերպությունների առաջարկները։ Միաժամանակ փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվո­ղականության սկզբունքների պահպանմանը։

Ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մշակվել են՝ ի կատարումն 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների գործու­նեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պետության Կառավարության N 1902-Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 1-ին կետի 1.2 ենթակետի:

Քաղաքացիները և շահառու խմբերն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 21-ը:

--00—ԼՄ