Մահապատժի առաջարկությունը պայմանավորված է Արթուր Դավթյանի հետագա աշխատանքի հետ կապված նկատառումներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ռոբեն

Նախ, պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելն արդարացված է, թե չէ, կարող է քննարկման առարկա դառնալ, բայց գիտակցենք, որ պետք է հրաժարվենք մեր ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այս մասին 24News-ին ասաց իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և առաջարկել` սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ ամրագրելու հարցը:

«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն», - նշված էր հաղորդագրության մեջ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքերով՝ Արթուր Դավթյանի հիմնավորումները, որոնց համաձայն՝ իր առաջարկը չի հակասում Հայաստանի այս պահին ստանձնած միջազգային պարտավորություններին, ուղղակի մասնագիտորեն սխալ է. «Այդ առաջարկը հակասում է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայմանին։ Նայեցի, փաստարկներ էին բերվել, որոնք համահունչ չէին ստանձնած պարտավորություններին։ Միջազգային կոնվենցիաների յուրովի մեկնաբանման դրսեւորում է։ Եթե այդպես լիներ, մենք գոնե Եվրոպայի խորհրդի մեկ պետության օրինակ կունենայինք»։

Մելիքյանն ասաց, որ Արթուր Դավթյանն ինչ-որ օրենսդրական առաջարկություններով է հանդես գալիս՝ պայքարելու համար պետական դավաճանության դեմ այն դեպքում, երբ ունի ավելի քան բավարար հիմնավորումներ «թիվ 1 պետական դավաճանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, այ դրա լիազորությունը միայն Դավթյանի ղեկավարած կառույցը կամ անձամբ Արթուր Դավթյանն ունի»։

«Առաջարկներ անելու փոխարեն ավելի լավ է զբաղվել սեփական գործով։ Դավթյանի պաշտոնավարմանը 2 շաբաթ մնաց, և նրանից ավելին ակնկալել պետք չէ։

Իմ տպավորությամբ, այս տարօրինակ առաջարկության նպատակը պայմանավորված է Արթուր Դավթյանի հետագա աշխատանքային գործունեության հետ կապված ինչ-որ նկատառումներով։ Եվ նա ինչ-որ մարդկանց աչքի առաջ ուզում է երեւալ որպես մի մարդ, որը մտահոգված է պետական դավաճանության հարցով», - եզրափակեց իրավաբանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ