Ադրբեջանցիների հերթական «ֆեյք նյուզը». «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

default.jpg

Երբ Արցախի դեմ օգոստոսի սկզբին Ադրբեջանը կրկին սադրանքներ նախաձեռնեց՝ շփման գծում կիրառելով տարբեր տեսակի սպառազինություն, այդ երկրի ՊՆ-ն օգոստոսի 3-ին շտապեց հայտարարել, թե իբր հայկական ուժերի գործողություններին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է միջոցներ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ եւ Սարիբաբա բարձունքների հանդեպ, գրում է «Հետք»-ը: 

Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում էր Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթայի Քոլատակի գլուխ կամ Կրխկըզ բարձունքի (2680 մ) գրավման մասին, գրել ենք օգոստոսի 4-ին։ Բանն այն է, որ այս գագաթը թշնամու վերահսկողության տակ էր անցել 44-օրյա պատերազմից հետո՝ դեռ մինչեւ 2022 թ․ օգոստոս ամիսը, այնպես որ դրա հանդեպ այս օգոստոսին վերահսկողություն սահմանելու մասին հայտարարությունն ընդամենը քարոզչական կեղծ հնարք էր ադրբեջանցիների կողմից, որն, ըստ էության, ավելի շատ ուղղված էր ներքին լսարանի սպառմանը։

Սակայն Բաքվի քարոզչամեքենան ստել է նաեւ Սարիբաբա բարձունքը վերահսկողության տակ առնելու մասին հայտարարելիս։

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է մեկ տարի հետ գնալ։

Սարիբաբ կամ Սարիբաբա բարձունքը (2296 մ) գտնվում է Քաշաթաղի (Լաչինի) եւ Շուշիի շրջանների սահմանին։ Երբ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Քաշաթաղն ադրբեջանցիներին հանձնելուն, նրանց զինված խմբավորումները շուտով հայտնվեցին Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մոտ, որը սահմանակից է Քաշաթաղին։

Արցախի լեռնաշղթան խորհրդային տարիներին միմյանցից բաժանում էր նախկին ԼՂԻՄ-ն ու Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի ու Լաչինի շրջանները։ Այսօր լեռնաշղթան շփման գիծ է Արցախի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինուժի միջեւ։ Սարիբաբ գագաթը, ինչպես եւ Քոլատակի գլուխը, այս լեռնաշղթայի կազմում է։

44-օրյա պատերազմից հետո Սարիբաբի վրա դիրքավորվել էր Արցախի ՊԲ-ն (տես վերեւում)։ Այստեղից ուղիղ տեսադաշտ է բացվում դեպի Քաշաթաղի շրջանը հյուսիսից հարավ հատող Հագարի գետի հովիտ, որն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Բնականաբար, դժվար է գերագնահատել Սարիբաբի ռազմավարական նշանակությունն, ու կարելի է հասկանալ ադրբեջանցիների՝ ամեն գնով դրան տիրելու մղումը։

Շուշիի շրջանի Եղցահող գյուղը գտնվում է Սարիբաբ բարձունքի ստորոտում, գագաթից մինչեւ գյուղի կենտրոն հեռավորությունն ուղիղ գծով 3,8 կմ է։

2021-ի օգոստոսի դրությամբ Սարիբաբի վրա կանգնած էին Արցախի ՊԲ զինծառայողները։ Մեկ այլ հայկական դիրք էլ տեղակայված էր Եղցահողից Քաշաթաղի շրջանի նախկին Խրմանլար բնակավայրի ավերակներ տանող ճանապարհին՝ լեռնանցքում (1625 մ)։ Ադրբեջանցիներն իրենց հերթին տեղակայված էին Խրմանլարի տարածքում՝ նախկին անասնաֆերմայի շենքում (1520 մ)։

Անցյալ տարվա օգոստոսի կեսերին իրավիճակը Եղցահողի սահմաններին լարվել էր, քանի որ ադրբեջանցիներն առաջացել էին ֆերմայի տարածքից ու սկսել ինժեներական աշխատանքներ կատարել, խրամատավորվել։ Միջամտել էր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Որոշվել էր, որ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն իրենց նախկին դիրքը՝ անասնաֆերմա, իսկ Եղցահողի մոտ տեղակայված հայկական դիրքերից՝ Սարիբաբից ու լեռնանցքից, ՊԲ զինծառայողները դուրս էին գալու, փոխարենը պարեկային ծառայություն էին իրականացնելու ռուս խաղաղապահները։

Տարբերությունն այն էր, որ հայկական հենակետերը մնալու էին դատարկ, իսկ ռուսական կողմի պարեկային ծառայությունը ենթադրում էր միայն ցերեկային շրջիկ դիտարկում-վերահսկողություն։ Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը հայտնել էր, որ օգոստոսի 19-ի առավոտյան ադրբեջանցիները հետ են քաշվել ֆերմայի տարածք։

ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից տարածվող ամենօրյա քարտեզներում, որոնք ցույց են տալիս ռուսական կողմի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, 2021 թ․ օգոստոսի 20-ից սկսեցին ցուցադրվել խաղաղապահների շրջիկ պարեկության երթուղիները, ընդ որում՝ սկզբնական փուլում ցուցադրվում էին նաեւ պարեկային անձնակազմի քանակն ու տրանսպորտային միջոցները։

Հատկանշական է, որ ռուսական կողմի ամենօրյա տեղեկագրերում շրջիկ պարեկության մասին առաջին հաղորդագրությունը հայտնվեց 2021 թ․ օգոստոսի 18-ին։ «Հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շարժական խմբերի կողմից իրականացվել է պարեկություն Մարտակերտի ու Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում»,- ասվում էր այդ օրվա տեղեկագրում։

Ուսումնասիրելով Եղցահող-Սարիբաբ-Խրմանլար եռանկյունում եվրոպական «Sentinel-2» արբանյակի լուսանկարները՝ տեսնում ենք, որ թշնամին 2021 թ․ նոյեմբերի վերջին սկսել է ինժեներական աշխատանքներ կատարել ֆերմայից դեպի շփման գիծ ընկած հատվածում։ Համեմատենք նոյեմբերի 22-ի լուսանկարը նոյեմբերի 27-ի եւ դեկտեմբերի 4-ի արբանյակային պատկերների հետ։ Վերջին երկուսում արդեն հստակ երեւում է ֆերմայից դեպի արեւելք ձգվող ճանապարհը (տես ստորեւ)։

Այդպիսով՝ ադրբեջանցիները 1520 մ բարձրության վրա գտնվող անասնաֆերմայից ճանապարհ են հարթել մինչեւ 1720 մ բարձրության վրա գտնվող նախկին Աղբուլաղ գյուղի ավերակներ՝ Սարիբաբ գագաթի «քթի տակ»։

Այնուամենայնիվ, իրավիճակն այս հատվածում համեմատաբար հանգիստ էր մինչեւ այս տարվա օգոստոս։

Օգոստոսյան սադրանքի շրջանակներում թշնամին փորձել է վերահսկողություն հաստատել Սարիբաբ գագաթի նկատմամբ, բայց դա նրան չի հաջողվել։ Նախ նշենք, որ Սարիբաբ բարձունքը հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք (կամ հակառակը) ձգվող լեռնազանգված է, որի 2000 մետրից բարձր հատվածը ձգվում է շուրջ 7 կմ։

Երկու տեղամասում լեռնազանգվածի բարձրությունը հատում է 2200 մետրը։ Պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի դիրքերը տեղակայվել էին Սարիբաբի հենց այս երկու տեղամասերում՝ ամենաբարձր հատվածներում։ Եթե դատենք տարբեր քարտեզներով, ապա պետք է ասել, որ այդ տեղամասերից մեկը գտնվում է նախկին ԼՂԻՄ տարածքում, մյուսը՝ Լաչինի շրջանում (այսինքն՝ խորհրդային նախկին վարչական սահմանը ԼՂԻՄ-ի ու Լաչինի շրջանի միջեւ հենց Սարիբաբի վրայով է անցել)։ Ընդ որում՝ ամենաբարձր կետը՝ 2296 մ, ԼՂԻՄ տարածքում է։

Սարիբաբ լեռնազանգվածի վրա՝ դրա երկայնքով, լեռնային ճամփա կա։ Եթե հայկական կողմն այդ ճամփայով բարձրացել ու դիրքեր է դրել լեռան ամենաբարձր երկու կետում, ապա այս օգոստոսին թշնամին փորձել է իր կողմից բարձրանալ ու հասնել գագաթին՝ գրավելով այն, սակայն դա նրան չի հաջողվել։

Ի վերջո, ադրբեջանցիները դիրքավորվել են մոտավորապես 2200 մ նիշի վրա՝ շուրջ 2260 մ բարձրության վրա գտնվող հայկական դիրքից գրեթե 700 մ հեռու։

Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն օգոստոսի 8-ին առկա իրավիճակը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրել է այսպես․ «Ամենաբարձր մասում մեր տարածքն է, մեր պաշտպանության բանակն է վերահսկում: Հիմա էդ հատվածը, ըստ քարտեզի, ընկնում ա իրանց տարածքի մեջ, հիմա էդ տարածքում որպես խաղաղապահ կանգնում ա ռուսը, իրանք՝ իրանց տարածքի վրա, մեր պաշտպանության բանակը ռուսի հետ՝ մեր տարածքի վրա՝ մի 50 մ մեկը մյուսից հետ ու առաջ»։ 

Եթե ավելի պարզ ձեւակերպենք համայնքապետի ասածը, ապա, ըստ էության, կստացվի հետեւյալ պատկերը․ ադրբեջանցիները դիրքավորվել են նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ մոտ 2200 մետրի վրա։ Այն հայկական դիրքում, որը տեղակայված է ԼՂԻՄ տարածքից մի փոքր դուրս՝ մոտ 2260 մետրի վրա, կանգնած են ռուս խաղաղապահները, իսկ ԼՂԻՄ տարածքի ներսում գտնվող դիրքում (Սարիբաբի ամենաբարձր կետն է՝ 2296 մ)՝ ՊԲ-ն ու ռուս խաղաղապահները։

Ինչպես տեսնում ենք, ՊԲ-ն ու խաղաղապահները գերիշխող դիրք ունեն թշնամու նկատմամբ, ինչը կարելի է եւ զսպող գործոն համարել, բայց, անկախ ամեն ինչից, խնդրահարույց է այն, որ սարի վրա գտնվող ադրբեջանցիների դիրքից Եղցահողը երեւում է։

--00—ԶՀ