Հայաստանի իշխանությունները միանշանակ կատարում են Ադրբեջանի պահանջները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

քաղաքական

Արցախի շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, սակայն տեղ-տեղ ադրբեջանական ուժերը խախտել են հրադադարը։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով երեկվանից ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով ստեղծված լարվածությանը։

«Ճանաչելով Ադրբեջանը, հատկապես Հայաստանի ներկայիս իշխանություններին, որոնք միանշանակ կատարում են Ադրբեջանի պահանջները, անհնար է կայունության մասին խոսել», - հավելեց նա։ 

Ըստ պատգամավորի՝ ամեն վայրկյան էլ պետք է սպասել և՛ սադրանքների, և ռազմական գործողությունների։ «Այն շոուի նպատակը, որի ուղղությամբ աշխատում են Հայաստանի և Արցախի իշխանությունները, մեկն է՝ համատեղ ուժերով լուծել Արցախի հարցը։ Այնպես որ, սպասել շատ արագ ինչ-որ կարգավորման, կարծում եմ, լուրջ չէ», - եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Երեկ 24News-ի աղբյուրը հաղորդել էր, որ Արցախի ՊԲ ուժերի և Ադրբեջանի ԶՈՒ միջեւ բախումները տեղի են ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում՝ չեզոք գոտում, Շուշիի վերին ենթաշրջանում՝ Բերդաձորի ենթաշրջանում, Եղցահող գյուղի մերձակա տարածքում, Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարի մոտակայքում։ 

Երեկ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել էին հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ։

--00--ՏՏ