Մաղձոտ և ողորմելի․ Մելքոնյանը՝ 1-ին նախագահի՝ մտավորականների հայտարարության արձագանքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

271176143_4909916865717908_8568678348158239844_n.jpg

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով մոտ 4 տասնյակ մտավորականների հայտարարության վերաբերյալ ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկատեցի, որ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը «ողորմելի մանիֆեստ» վերնագրված կարճ տեքստով արձագանքել և անդրադարձել է օրեր առաջ մի խումբ դիվանագետների, գիտնականների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հայտարարությանը, որը նվիրված էր Արցախի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներին և մասնավորապես՝ դրանցում առկա այն կարմիր գծերին, որոնք հատելը դեմ է մեր պետական շահերին: Ճիշտն ասած, նախ իմաստ չեմ տեսնում, երկրորդ էլ՝ ժամանակ չունեմ բովանդակային բանավեճի մեջ մտնել, սակայն երկու հարց, այնուամենայնիվ, կուզենամ հղել առաջին նախագահին:

Առաջին՝ 1998 թ. հրաժարականից հետո ՀՀ առաջին նախագահը երբևէ արձագանքե՞լ է Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, Սուլեյման Դեմիրելին, Էրդողանին, Դավութօղլուին, Չավուշօղլուին. անկեղծորեն կուզենայի լսել բազմափորձ Տեր-Պետրոսյանի հակադարձումները թշնամական երկրների ղեկավարներին և նրանց հայտարարություններին: Այլապես, միայն հայ գիտնականների, մտավորականների հանդեպ, հատկապես վերջին շրջանում, նախկին նախագահի բացասական գերուշադրությունը և ձաղկող քննադատությունը մտասևեռման տարրեր պարունակող իրավիճակի է նմանվում:

Երկրորդ՝ ինչքանով է ճիշտ, որ տարիքն առած, գիտական կոչում ունեցող, նախկինում պետության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը նման որակումներով, ծաղրանքով արտահայտվի մի տեքստի մասին, որի տակ ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախկին երեք նախարարներ, բազմաթիվ արտակարգ և լիազոր դեսպաններ, գիտնականներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ: Ինչպես կարելի է դա անվանել «կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներ» և սարկաստիկ, տարիքին անհարիր, չստացված համեմատություններով մտքեր երկնել: Վերջում «պրագմատիզմի շանտաժի» և առաջին նախագահի ջերմեռանդ պաշտպաններ, ձեր հնարավոր մաղձ-քննադատությունը և կեղծ ինտելեկտուալության եղկելի գոհարները սփռելուց առաջ հիշեք, որ այդ «ողորմելի» որակված տեքստը ստորագրել է նաև Հայրենիքի իրական և լեգենդար նվիրյալը՝ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը...

Հ.Գ. Մի հռետորական հարց էլ մնաց. արդյո՞ք լավ երաժշտությունը ի զորու է թուլացնել մաղձոտ նենգության կարծրացած շերտերը»:

 --00--ՀԶ