Հնարավոր է, որ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու ծրագիր է սկսել. քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Քաղաքական

Վարչապետի դիրքորոշումն Արցախի վերաբերյալ հստակ տեսանելի է, նա 2018 թվականից ունի մեկ խնդիր, ինչը և հաջողությամբ իրականացրեց, այն է՝ ազատվել արցախյան հարցից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: 

«Վերջին ասուլիսին Փաշինյանը նշեց, որ արցախյան հարցի լուծման մի տարբերակ կա, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, նման հայտարարությունները կարգավիճակի հստակեցում է տալիս, ինչն առաջացնում է մի քանի խնդիրներ: Եթե Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավարություն է ստանալու, ապա չի բացառվում, որ այս գործընթացն անուղղակի ուղղված է Արցախում ՌԴ-ի ներկայության դեմ: Ռուսաստանը,  Արցախի ղեկավարության վրա ունենալով մեծ ազդեցություն, չի բացառվում, որ աջակցի Արցախի ղեկավարությանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ  նման հայտարարությամբ հանդես գան, քանի որ եթե Արցախում ինքնավարություն լինի, ՌԴ-ին այն ձեռնտու չէ, նրան ձեռնտու է Արցախի ոչ հստակ կարգավիճակը, որը թույլ է տալիս այնտեղ պահել խաղաղապահներ։ 
Չի բացառվում նաև, որ Փաշինյանը նման  հայտարարություններ անում է Արցախի ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն, որովհետև ըստ իս՝ Արցախի իշխանություններն եթե աջակցություն, հենարան չունենան, ՀՀ ղեկավարի դեմ չեն գնա, նույնիսկ հողերը հանձնելու ժամանակ չգնացին, հիմա՞ պետք է դեմ գնան»,- նկատեց Բադալյանը:

Քաղտեխնոլոգը նշեց, որ  մամուլում լուրեր կան, որ Արցախի բյուջեի հետ կապված խնդիրներ են առաջացել և նման անվստահությունը կարող է հանգեցնել «նախագահին գահընկեց անելուն»: Նրա կարծիքով՝ չի բացառվում նաև, որ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու ծրագիր լինի: 

«Այդ գործընթացներից կարելի է երկու ենթադրություն անել՝ կամ  Ռուսաստանն է թիկունքից աջակցել Արցախին, որ դեմ գնան ՀՀ ղեկավարությանը, կամ Արցախի և ՀՀ-ի ղեկավարությունը խաղեր են սկսել՝ իբրև թե տարաձայնություններ ունեն միմյանց հետ»: 

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի միջև տարաձայնություններն արդյո՞ք անվտանգային խնդիրներ չեն առաջացնի, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի միջև տարաձայնությունները կարող են Արցախում անվտանգային խնդիրներ առաջացնել, որովհետև Արցախի անվտանգությունը ՌԴ-ի խաղապահներն են իրականացնում»։

--00--ԿԿ