Գողը մտել է տուն, գողացել դրամապանակ ու պայուսակ. տանտերը 11 օր անց է դիմել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Չարբախի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ Ոստիկանության հաղորդմամբ, հուլիսի 20-ի առավոտյան Մարկվարտի փողոցի տներից մեկի դարպասն ու մուտքի դուռը կողպված չի եղել եւ գողը մտել էր տուն, գողացել տանտիրոջ պայուսակը, որի մեջ կար փող, անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու չորս բանկային քարտ։

Բացի դրանից՝ գողը հասցրել էր հափշտակել նաեւ տանտիրուհու դրամապանակը, որտեղ փողից զատ նրա նույնականացման քարտն էր։ Տանտերը կատարվածի վերաբերյալ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում հաղորդում է տվել գողությունից 11 օր հետո միայն։

Ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ  է հարուցվել ։

Գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են սկսվել եւ ծավալուն հետախուզական միջոցառումներ իրականացվել։ Օպերատիվ հարցումների արդյունքում, ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նախկինում դատապարտված՝ Երեւանի Ռուսթավելու փողոցի 30-ամյա մի բնակիչ։ Օգոստոսի 11-ին կասկածվողը նշված փողոցում հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք։

Կասկածյալը ոչ միայն  խոստովանական ցուցմունք է տվել, այլեւ դեպքի վայրում նկարագրել, թե ինչպես է կատարել գողությունը:

Նա Շենգավիթ վարչական շրջանի երթուղային տաքսիներից մեկի երթակարգավորման կետում էր թողել գողացած անձնագրերն ու բանկային քարտերը։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունկվում է։

--00—ԼՄ