Հիմնարար խնդիր է, երբ երկրից դուրս գալու իրավունքը ոչ իրավաչափ սահմանափակվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ՄԻՊ

Քրեական գործերին վերաբերող հիմնարար խնդիր է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը` երկրից դուրս գալը ոչ իրավաչափ սահմանափակվում է` նրան շարունակաբար պահելով անորոշ վիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ցավոք, այս խնդիրն այդպես էլ չվերացավ:

Օրինակ՝ Ոստիկանությանն ուղղված քննիչի ընդամենը մի գրության հիման վրա մարդու նկատմամբ կիրառվում է երկրից դուրս գալու արգելք: Մարդուն որևէ մեկը տեղյակ էլ չի պահում, որ իր տվյալներն ուղարկվել են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգ և դրա հիման վրա իրեն թույլ չի տրվելու հատել ՀՀ պետական սահմանը՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային անցակետերով:

Հետո էլ մարդը միանգամայն օրինական հիմքերով, օրինակ, ընտանիքի անդամներով փորձում է դուրս գալ երկրից ու, ասենք, օդանավակայանում պատահաբար պարզում է, որ երկրից իր ելքն արգելված է:

Այս հարցերով մարդիկ մեզ հաճախ են դիմում հիմնականում թեժ գծով ու հենց սահմանային անցակետերից: Սկսում ենք քննություն ու մեկ էլ պարզվում է՝ տարիներ առաջ քրեական գործով «անցել է» ու չի էլ իմացել, որ ելքն արգելափակել են:

Առավել բարդ է, երբ քրեական գործը, որով արգելանք է կիրառվել, վաղուց «փակվել է»:

Այս դեպքում ստացվում է՝ դատարանը ոչինչ անել չի կարող, քանի որ գործն ավարտվել է, դատախազը կամ քննիչը նույնպես ոչինչ անել չեն կարող. իրենց իրավասությունն այլևս սպառվել է: Առկա են դեպքեր, երբ, օրինակ, վարույթը կարճվել է, բայց քննիչը տվյալնեը չի ուղարկվել ՍԷԿՏ, որպեսզի արգելքը վերացվի կամ ուղարկել է Ոստիկանություն, բայց Ոստիկանությունը չի մուտքագրել տվյալները ՍԷԿՏ համակարգ, որի պատճառով արգելքը չի վերացվել:

Իրականում նման սահմանափակումը պետք է լինի, օրինակ, խափանման միջոցի տարր. այն ինքնին հարկադրանք է: Եվ հակառակը՝ եթե մարդու նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չէ, ապա հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը սահմանափակվել չի կարող:

Այլ կերպ ասած՝ օրենսդրական թերությունների ու խնդրահարույց պրակտիկայի պատճառով մարդիկ կանգնում են լուրջ բարդությունների, քաշքշուկների առաջ:

Այս հարցով իմ դիմումի հիման վրա առկա է Սահմանադրական դատարանի որոշում, ներկայացրել եմ օրենսդրական ու պրակտիկայի փոփոխության առաջարկներ, բայց այդպես էլ հարցը լուծում չի ստանում: Խնդիրն էլ այն է, որ թե՛ Դատախազությունը, թե՛ Քննչական կոմիտեն ծառայողական քննություններ են նշանակել, արձանագրել են խնդիրը, բայց արդյունք չի տալիս:

Պետք է նշեմ, որ արգելքները հանելու հետ կապված՝ արդյունավետ են մեզ հետ համագործակցում Ոստիկանությունը և ԱԱԾ Սահմանապահ զորքերը՝ կապված արգելքների պատճառներն արագ պարզելու, արգելքները վերացնելու հետ:

Մանրամասներն արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ»,- գրել է Թաթոյանը:

--00--ԱՀ