Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կոլաժ

ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության առիթով

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»:

Ի պատասխան այս առիթով լրագրողների հարցումներին, Առաջին նախագահի անունից հայտնում եմ.

Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում մեղադրում է Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին:

Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին: Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի: Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից: Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը»:

--00—ՄՀ