Խնձորեսկում քաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դանակա

Մայիսի 13-ին՝ ժամը 21:40-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վերք, տրավմատիկ շոկ երկրորդ, երրորդ աստիճանի, վիճակը ծանր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է  SHAMSHYAN.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է վիրավորի ինքնությունը: Նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 42-ամյա Անաստաս Բաբալարյանն է:   
Հիվանդանոցում նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ չեն տեսել, թե որտեղ և ինչ պայմաններում է նա նման վիճակում հայտնվել: Որոշ ժամանակ անց Գորիսի բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի այտուցներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:   

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 46-ամյա Սասուն Ղալդունցն է. նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու ու գլորվելու հետևանքով:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմանում, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Ս. Ղալդունցը կտրող-ծակող գործիքով հարվածել է Ա. Բաբալարյանի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ:  

Ոստիկանները հայտնաբերել են Ս. Ղալդունցին, նա կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործից դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ստացված ահազանգի փաստով: 

--00—ԼՄ