Բռնցքամարտի ֆեդերացիան առաջարկում է կանոնադրությունը փոխել, նոր ֆեդերացիայի նախագահ ընտրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

բռնցքամարտ

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել,, որում ասված է.

«ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների պետական գրանցման անհնարին է ընտրություններ անցկացնել: Ընդ որում, անցկացվելու դեպքում դրանք անվավեր կլինեն, քանի որ գործող կանոնադրությանը կհակասեն:

Այս պայմաններում, առաջարկում ենք փոփոխություններ կատարել, որից հետո նոր ընտրություններ կազմակերպել: Ինչ վերաբերում է թեկնածուների անհամապատասխանությանը, ապա բոլորը չեն համապատասխանում կանոնադրության՝

11.9 կետի պահանջներին, համաձայն որի ֆեդերացիայի Նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին  անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն:

11.10. Ֆեդերացիայի նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել.

ա) այն անձը, ով նախկինում հանցագործություն կատարելու մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղավոր է ճանաչվել, և որի դատվածությունը չի մարվել կամ հանվել,

բ) այն անձը, ով կատարել է ԱԻԲԱ-ի կանոնների կամ ֆեդերացիայի կանոնադրության որևէ խախտում:

Այս պահանջներին մեր թեկնածուներից ոչ ոք չի համապատասխանում, ուստի առաջնային պետք է փոփոխել կանոնադրությունը, հետո նոր գնալ ընտրությունների:

Այս պայմաններում ընտրություններ կազմակերպելու դեպքում, կազմակերպողը և այս ակնհայտ ապօրինի գործողությունների համար կրելու է պատասխանատվություն, ով էլ որ լինի»:

--00--ԱԹ