Մի՛ վերածեք ԵԽ-ն հակառուսական ակումբի․ Զոհրաբյանը՝ Նավալնիի, Ալիևի կնոջ, հայ մայրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, թե վերջին տարիներին Եվրոպայի խորհուրդը վերածվել է հակառուսական ակումբի, որտեղ փորձ է արվում կեղծ օրակարգերով Ռուսաստանի դեմ քաղաքական դեմարշներ կազմակերպել: 

«Այո՛, ես կողմ եմ, որ հարգվի մարդու իրավունքը, ես կողմ եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա իր քաղաքական հայացքները ազատ արտահայտելու և իրացնելու իրավունք, սակայն ես հրաժարվում եմ հասկանալ Եվրոպային, որը հակառուսականությունը սարքել է Եվրոպայի թիվ մեկ օրակարգը, ու Նավալնու միջոցով փորձում է այդ կեղծ օրակարգն իրացնել։

Հարգելի՛ գործընկերներ, կարող եմ հասկանալ ձեր քնքուշ էմոցիաները Նավալնու հանդեպ, երբ դուք երդվյալ հակառուս եք, բայց ես ձեզանից շատերին, որ էնտուզիազմով  քննադատում եք Ռուսաստանին, մի պարզ հարց ունեմ. դուք գիտե՞ք, թե հենց այս պահին քանի՞ հազար հայ մայր է փնտրում իր անհետ կորած որդուն և չի գտնում, որովհետև նրանք կա՛մ արդեն չկան, կա՛մ գերեվարված են։ Իսկ Ադրբեջանը հրաժարվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ հստակ տեղեկատվություն։

Դուք գիտե՞ք, թե ինչպիսի անմարդկային կտտանքների են ենթարկվել ու ենթարկվում գերության մեջ հայտնված հայ զինվորներն ու քաղաքացիական անձինք։

Ինչո՞ւ եք լռում, թե՞ այս թեման չի տեղավորվում ձեր հակառուսական տրամաբանության մեջ։

Դուք չե՞ք տեսնում, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում Արցախի պատմամշակութային կոթողները՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, որոնք ոչ միայն հայկական, այլ համաշխարհային մշակույթի բառացիկ նմուշներ են։

Դուք չե՞ք տեսել, թե ինչպես են Ալիևն ու իր կինը անձամբ հրահանգում հայկական եկեղեցիների վրայից մաքրել  հայկականության բոլոր հետքերը»,-ասել է Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ ցանկացած  երկիր ծնկի բերելու և մասնատելու համար սորոսական օթյակները ջարդում են այդ երկրի իմունային համակարգը՝ ընտանիք, եկեղեցի, մշակույթ, պատմություն։ 

«Ակնհայտ է մեկ բան․ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, ինչը հակասում է մեր կառույցի հիմնարար արժեքներին, այն է՝  մարդու իրավունք և զրո քաղաքականություն:

Մի՛ փորձեք կեղծ օրակարգերով հաշիվներ մաքրել երկրների հետ, որոնց հետ ունեք քաղաքական և աշխարհաքաղաքական տարաձայնություններ»,-ասել է Զոհրաբյանը և հավելել, որ դա ազնիվ չէ:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև հայտարարել է, որ չի ուզում հաշտվել այն Եվրոպայի հետ, որը վերածվել է քաղաքական ակումբի, և որ կողմ է մարդու իրավունքներին, բայց դեմ՝ երկակի ստանդարտներին:

«Երբ Նավալնուն Գերմանիա տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռ էր ուղարկվում, արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից կիրառված քիմիական ծանրագույն զենքով՝ սպիտակ ֆոսֆորով այրված արցախահայերը վստահաբար մտածում էին, որ շատ հաճախ քաղաքական շահերը շատ ավելի կարևոր են դառնում, քան հազարավոր խեղված ճակատագրեր և մարդկային ողբերգություններ»,-ասել է Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ