Մեզ անհրաժեշտ են ընտրություններ՝ առանց այս հայրենադավ և ազգադավ իշխանության հսկողության

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 27,  24News

ձայն հայրենյաց

«Ձայն Հայրենեաց» նախաձեռնությունը, «Մ. Ի. Տ. Ք. Ազգային Խորհուրդ» «Հայ Ազգային ճակատ» «Ձայն Հայրենեաց»-ի Շիրակի մարզի մասնաճյուղ «Ձայն Հայրենեաց»-ի Լոռու մարզի մասնաճյուղ «Ձայն Հայրենեաց»-ի Վայոց ձորի մարզի մասնաճյուղը հայտարարություն են տարածել, որում ասվում է:

«Հայրենակիցնե՛ր, Հայրենիքը կործանման եզրին է: Ներկայիս իշխանությունների հայրենադավ և ազգադավ գործունեության պատճառով կորցրել ենք գրեթե ողջ Արցախը, անխնայորեն «մկրատվում» են ՀՀ պետական սահմանները, նենգ դավաճանությամբ կազմալուծվել է Հայոց բանակը՝ իր անդառնալի մարդկային տասնյակ հազարավոր կորուստներով և ռազմատեխնիկական բազայի փոշիացմամբ: Պետության ներքին և արտաքին քաղաքականության մեջ համատարած քաոս է: Անգործության են մատնվել պետական գերատեսչությունները, արտաքին աշխարհում ոչ լրջմիտ վերաբերմունք է ձևավորվել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: Կորսված են ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը: Իրականությունը սթափ գնահատելու, ժողովրդին ճշմարտությունը ազնվորեն և շիտակ ներկայացնելու փոխարեն՝ ներկա վարչակարգը որդեգրել է ստի, կեղծիքի, աճպարարության մի քաղաքականություն, որի նպատակը սեփական ապաշնորհության, հակազգային գործունեության կոծկումը և հոգևարքի մեջ հայտնված իրենց տխրահռչակ իշխանության երկարակեցության ապահովումն է: Իշխանական քարոզչությունն ուղղորդված է մարդկանց զգացմունքներին, բնազդներին և ոչ թե բանականությանը: Ճարպկորեն մեզնից խլվում են Հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, հավաքական հիշողությունը, որի հետևանքով հայ ժողովուրդը վերածվում է ամբոխի: Ամենայն հայոց բանաստեղծը ժամանակին բանաձևել էր ժողովրդի և ամբոխի տարբերությունը. «Ժողովուրդը իմաստուն է, ամբոխը՝ հիմար: Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև: Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր, չար: Ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...»: Մի՞թե մեզ համար գերադասելի է ամբոխացումը: Հայրենակիցնե՛ր. Մենք՝ մտավորականներս, մերժում ենք հայ ժողովրդի ամբոխացումը, կոչ ենք անում միավորվել այս ազգակործան իշխանության դեմ և մերժել նրանց վերահսկողության ներքո իրականացվող ամեն մի քայլ: Պետության վերածնության միակ ճանապարհը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են, որի երաշխավորը, սակայն, այս իշխանությունը չի կարող լինել: Ուրեմն՝ մեզ անհրաժեշտ են ընտրություններ՝ առանց այս հայրենադավ և ազգադավ իշխանության ու նրա վերահսկողության»:

 --00—ՄՀ