Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել»-ը զառիվայրից ընկել է երկաթգծին կից հողաշերտի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմանում, ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված էր բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և զառիվայրից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի տարածքում:

Ըստ մեքենայի վարորդի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Պ.-ի, նա կորցրել է մեքենայի կառավարումը՝ ուշադությունը շեղելով իր բջջային հեռախոսին:

Ավտոճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, լայնացվում և փոխվում է ճանապարհի վերին շերտը: Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:

Այս տարվա ընթացքում սա արդեն յոթերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում:

Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

--00—ԼՄ