ՊԵԿ նախագահն ընտրվել է ԱՊՀ-ի հարկային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

․

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ԱՊՀ ՀԾՂՀԽ) 27-րդ նիստը, որին մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համավարակով պայմանավորված նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձեւաչափով: Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Նիստի հիմնական թեման նվիրված է եղել  ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների գործունեությանը համավարակի (COVID-19) պայմաններում եւ դրա հետեւանքների հաղթահարմանը։ Այս համատեքստում, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից համավարակի (COVID-19) հաղթահարմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ շնորհանդես:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ հարկային մարմինների կողմից հարկային որոշակիության բարձրացման արդի ուղղությունները, համատեղ հարկային ստուգումների եւ հարկային վարչարարության բարելավման մի շարք հարցեր։ Հաստատվել է նաեւ 2021 ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային ծրագիրը:

Նիստի ժամանակ ընդգծվել է նաեւ ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությունը՝ էլեկտրոնային եղանակով տեղեկություններ փոխանակելու հարցում: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել եւ հաստատել է տեղեկատվության փոխանակման ձեւաչափերը։ Ավելին, 2020թ. ընթացքում հարկային մարմինների միջեւ իրականացվել են էլեկտրոնային եղանակով տեղեկությունների թեստային փոխանակումներ, իսկ 2021թ. նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով առկա տեղեկությունների ամբողջական փոխանակում:

Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:

--00--ԱՀ