Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ:

Հ.Գ. Բնականաբար, անդրադարձել եմ նաև նոր ռազմագերիների թեմային՝ այնքանով, որքանով տեղեկություններ կան այս պահին:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն իր իրավունքների ու ազատությունների, հանուն ազգային արժանապատվության ու հարատևման:

Նախևառաջ, կուզեի իմ խորին ցավակցությունները հայտնել բոլոր զոհվածների հարազատներին և ողջ հայ ժողովրդին՝ անդառնալի ու ծանր կորուստների համար: Մենք ցմահ երախտապարտ ու պարտական ենք Հայրենիքի համար ընկած յուրաքանչյուր հերոսի և նրանց հարազատներին, մենք երախտապարտ ենք նաև Հայրենիքի պաշտպանության գործին այս կամ այն ձևով սրտանց մասնակցած յուրաքանչյուր անձի՝ զինվորից մինչև սփյուռքահայ մանուկ, առաջնագծից մինչև խորը թիկունք: Ինչպես արդեն հայտարարվել է, Արցախի և Հայաստանի Հանրապետություններում դեկտեմբերի 19-ից հայտարարվելու է եռօրյա սուգ՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:

պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև:

Այս դժվարագույն իրավիճակում մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին, արձանագրել առկա խնդիրները, դնել հստակ նպատակներ և քրտնաջան, հետևողական, խելացի ու համատեղ աշխատանքով հասնել այդ նպատակներին: Թե ինչ ունենք և ինչ պետք է անենք, հակիրճ կներկայացնեմ ըստ ոլորտների:

Անվտանգություն. Անշուշտ, մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել: Այդ համատեքստում լիովին հասկանալի է, որ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքացիներին ու իշխանություններին ամենաշատ հուզող հարցերը վերաբերում են անվտանգությանն ու առնչվող անորոշություններին: Մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ և սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:

Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով:

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր: Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում»:

--00--ԱԹ