Էրդողանը հազարավոր իսլամիստ վարձկաններ է ուղարկել՝ Հայոց ցեղասպանությունը շարունակելու

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

եխ պատգամավոր

Եթե եվրոպական պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ,ապա նա վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել Եվրոպական խորհրդարանի՝ ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը Եվրախորհրդարանում:

«Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»,-հայտարարել է պատգամավորը:

Նա նշել է, որ 3000-4000 սիրիացի ջիհադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել են Արցախի դեմ պատերազմելու. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետության կազմակերպած պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրել է Օսմանյան Կայսրությունը 80 տարի առաջ:
1.2-ից մինչև 1.5 միլիոն զոհ, ցեղասպանություն, որը թուրքական իշխանությունները մինչ օրս չեն ճանաչել, և որի ճանաչումը այլ պետությունների կողմից, Էրդողանի կողմից որակվել է որպես մեծագույն վիրավորանք»,-ասել է Նիկոլա Բայը:

Նա շեշտել է, որ պատմությունը վիրավորանք չէ, պատմություն, որն Էրդողանն, այնուամենայնիվ, կցանկանար վերստին գրել, քանի որ իր բոլոր քայլերը կենտրոնացվել են մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել Օսմանյան Կայսրությունը, ստանձնել սուննական իսլամական առաջնորդի դերը, որն ուներ Թուրքիան Խալիֆայության ժամանակաշրջանում: Նիկոլա Բայը նկատել է, որ դա մի նախաձեռնություն է, որն Էրդողանը ստանձնում է՝ այդ թվում իր պաշտոնական քարոզչական տեսանյութերում:

«Ռազմական գործողությունները Սիրիայում և Լիբիայում, դժվարությամբ թաքցվող մերձավորությունը Իսլամական պետություն կազմակերպության հետ, դեպի Հունաստան իսկական միգրացիոն ներխուժման կազմակերպումը, եկեղեցիների կործանումն Անատոլիայում, հարձակումը կիպրական ռեսուրսների վրա Միջերկրածովյան տարածաշրջանում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումը մզկիթի, և հիմա՝ ներխուժումը հայկական տարածք՝ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի ուղղությամբ: Էրդողանի բոլոր գործողությունները վկայում են այդ նեոօսմանական նկրտումների մասին: Իսկ այս ընթացքում Խորհուրդը նվազասույթ կիրառելու վառ արտահայտված հակում է ցուցաբերում. հոկտեմբերի 2-ի իր եզրակացություններում Խորհուրդը հայտարարում է, որ «խստորեն դատապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումները, որոնք պետք է դադարեն»: Բայց այս ամենը շարունակվում է արդեն 50 տարի: 50 տարի է, ինչ Թուրքիան օկուպացնում է անդամ պետության տարածքի կեսը, իսկ դուք համառորեն ցանկանում եք, մեջբերում եմ, «բարեխիղճ երկխոսություն»,-ասել է ԵԽ անդամը:

Նա հավելել է, որ պատասխան միջոցներն արդեն պետք է ձեռնարկված լինեին անդամակցության գործընթացի արժեքի, Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորման, Հունաստանի և Բուլղարիայի սահմանների անվտանգության անհրաժեշտ ապահովման, մաքսային միության (որը թույլ է տալիս Թուրքիային իրականացնելու իր արտաքին առևտրի 40 տոկոսը Եվրոպական միության հետ) գործունեության դադարեցման ուղղությամբ: «Բայց ոչինչ: Ոչինչ: Եվրոպան վախենում է Թուրքիայից, և պատասխանը ողբերգական է. Խորհուրդը հերթական անգամ տեղի է տվել այս մշտական շանտաժին: Այն մեզ հիշեցնում է Բալզակին, ով ասում էր, որ «համակերպումը ամենօրյա ինքնասպանություն է»,-եզրափակել է Բայը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

--00—ՄՀ