Պետք է արագ գործել. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

տիգրան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից և Ադրբեջանի ակնհայտ տապալումից հետո Թուրքիան էականորեն մեծացրել է իր ամբիցիաները, հատկապես մեր տարածաշրջանում։ Ճիշտ է՝ զուգահեռ Թուրքիան ազդեցության պայքար է տանում Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Աֆրիկայի հյուսիսում, որոնք անուղղակի ազդեցություն, անշուշտ, ունեն նաև մեր տարածաշրջանային զարգացումների վրա, սակայն մեզ համար ուղիղ առումով դիտարկման առանցքում է մեր տարածաշրջանը։

Վերջին 1․5-2 ամսվա ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների փոխադարձ այցելություններ են, խոսքն առաջին հերթին վերաբերում է ռազմական բլոկի ներկայացուցիչներին՝ պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, կորպուսների, բրիգադների հրամանատարներ և այլն։

Դեռ հուլիսի 29-ին մեկնարկել է ու տարբեր մասշտաբներով, ծավալներով ընթանում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, մարտավարական պարապմունքներ, հրամանատարական հավաքներ։

Նախորդ ամիս Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվել կամ թարմացվել է ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում առկա փաստաթղթային դաշտը, որի մի մասն այդպես էլ չհանրայնացվեց։

Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ուղիղ տեքստով խոսում են պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցության մասին, նաև հայտարարում, որ ներդնելու են իրենց ողջ հնարավորությունները՝ Ադրբեջանին աջակցելու և իրենց համար նպաստավոր իրավիճակ ձևավորելու համար։

Ակնհայտորեն Թուրքիան մեծ մասնակցություն ունեցավ Ադրբեջանում եռացող կրքերը հանդարտեցնելու և Ալիևի իշխանության և անձամբ Ալիևի դիրքերն անսասան պահելու գործում, որի գինն էլ, ըստ էության, Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերանայումներն են և Ադրբեջանի արտաքին քաղաքականության նոր մոտեցումներն ընդգծված պրոթուրքական երանգներով։

Ստեղծված քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրադրությունն ու պրոցեսների տրամաբանությունը հուշում են, որ ռազմական համագործակցության ուղղությամբ ևս կողմերն առավելագույն ներդաշնակեցման են գնում և այս իրավիճակում թուրքական գործոնը ռազմական բլոկի կառավարման և բանակի վերափոխումների հարցում դառնում է առանցքային գործոն։

Եթե կարճ ամփոփենք այս գործողությունները, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ամենատարբեր ճակատներով Հայաստանի վրա ճնշումների ալիք սկսել, որը երկու նպատակ ունի՝ խաղաղ գործընթացի պայմաններում հասնել Հայաստանից պոկել առավելագույն զիջումներ, իսկ դրա բացակայության պայմաններում իրադարձությունները տեղափոխել ռազմադաշտ։ Արդեն կարևոր չէ, թե ռազմաճակատի որ ուղղությամբ, ինչ ծավալով կամ մասշտաբով իրադարձությունները կզարգանան, փաստ է, որ պետք է արագ գործել»։

--00--ԱԹ