Երևանյան լճից դուրս են բերել և առգրավել 4 դնովի ձկնորսական ցանց և 12 խեցգետնաորսիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ձկնորսականցանց

Վերջին օրերին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները, փչովի ռետինե մոտորանավակով իրականացրած ստուգայցի արդյունքում Երևանյան լճից դուրս են բերել և առգրավել 4 հատ՝ մոտ 300 մետր ընդհանուր երկարության տիրազուրկ դնովի ձկնորսական ցանց և 12 հատ՝ խեցգետնաորսիչ։

Հրազդանի կիրճում Հրազդան գետից ևս առգրավվել է 3 հատ «Էկրան» տեսակի տիրազուրկ ձկնորսական ցանց:

Առգրավված ապօրինի որսագործիքները վարչական վարույթի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով կոչնչացվեն:

Մարմինը հայտնում է, որ ստուգայցերը շարունակվում են և ընդգրկում են հանրապետության ամբողջ որսահանդակներն ու ջրային տարածքները։

«Շնորհակալություն ենք հայտնում «Դրակոն Բոութի» թիավարության հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Մակար Սարգսյանին՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տրամադրելու համար»,- ասված է գրառման մեջ: